Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/586

Այս էջը հաստատված է

Չեք հասկանում, Հա՞... Երբ որ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կրակը հոգուս մեջ կծկվեի, լռեի և թույլ տայի անտրտունջ, որ ինձ անարգեն, ծեծեն, խայտառակեն,— այն ժամանակ կհասկանայիք ինձ... Իհարկե, կհասկանայիք, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ նման անպատվածները, անարգվածները... Բայց քանի որ չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու. քանի որ համարձակ, անվախ ինքս եմ հրապարակ նետվել ցույց տալու աշխարհին անպատվությունս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով,— ինձ չեք հասկանում... իհարկե, չեք կարող հասկանալ, որովհետև այդպես չեն անում սովորաբար... Բայց ես կհասկացնեմ ձեզ, կհասկացնեմ ամենքին, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել մարդկային պատիվը, անարգել, արհամարհել կնոջ ամենամեծ սրբությունը և անպատիժ շրջել աշխարհիս երեսին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ, տիկին, ձեզ ինչ պատահել է՝ պատահել է, բայց ի՞նչ մեղավոր է Գարեգինը, որ...

ՍԱՌԱ.— Մեղավո՞ր, ասում եք... մեղավորության խնդի՞ր եք դնում... Շատ լավ։ Ուրեմն լսեցեք ինձ, պարոն։ Մեղավոր է ոչ թե միայն Գարեգինը, այլ և դուք, պարոն, այլ և ամբողջ հասարակությունը, որ կարողանում է յուր մեջ հանդուրժել այնպիսի թունավոր օձերի գոյությունը, որպիսին ձեր հյուրասիրությունը վայելող պարոնն է։ Ահա՛, տեսնում եք, դուք ապաստան եք տվել նրան ձեր տանը, հյուրասիրում եք նրան, երևի սիրով լսում եք նրա հետ խաղացած սխրագործության պատմությունը և, գուցե, ուրիշ շատ այդպիսի պատմություններ և, փոխանակ պատմելու, խրախուսում եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Խրախուսո՞ւմ...

ՍԱՌԱ.— Այո՛։ Որովհետև երբ որ դուք, շատ լավ իմանալով, թե ինչ մարդ է նա, ձեռք եք մեկնում նրան, հյուրասիրում եք նրան, նրա հետ նստում — վեր եք կենում, նրա հետ խոսում — ծիծաղում, երբ որ նրա անբարոյականության, նրա ցածության, նրա անգթության պատմությունները լսելիս չեք թքում նրա երեսին, չեք մերժում նրան ձեր ընկերությունից, չեք ջախջախում նրա գլուխը,— դուք