Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/59

Այս էջը հաստատված է

— Դժբախտաբար...

— Կարծեմ, մեծ դժբախտություն չէ։ Ի՞նչ կա որ։ Կիրակի օր է. չեմ կարծում, թե ձեր գործը մի առանձին կարևորություն ունենա։ Մենակ մնալն ինձ համար ուղղակի սպանիչ բան է։ Իսկ Աշխենը շարունակ պարապում է։ Բայց այս երեկո ես կստիպեմ նրան, որ մեզ ընկերանա։ Գնանք։

Շահյանը քիչ չվախեցավ, երբ իմացավ, որ ոչ Մարությանն էր տանը, ոչ նրա կինը. վախեցավ առավելապես, երբ լսեց Աշխենի անունը։ Մի րոպեում պատկերացրեց իր առաջ երկու օրիորդների մեջ մենակ մնալու տխուր հեռանկարը և վճռեց միանգամայն խույս տալ։

— Ոչ, օրիորդ... ես ամենայն ուրախությամբ... բայց... տանը կանհանգստանան,— կմկմաց նա նորից։

Եվան քրքջաց իր բարձրահնչուն ծիծաղով։

— Ի՞նչ եք ասում, պարո՛ն Շահյան,— բացականչեց նա։ — Աղջիկ խո չե՞ք... Սակայն ես ձեզ չեմ ստիպում,— ավելացրեց նա լրջությամբ։— Տեսնում եմ, որ դուք չեք ուզում գալ մեր տուն։

— Ընդհակառակը...

— Ուրեմն գնանք։

Շահյանը հետևեց Եվային չափազանց նվաստացած և ամոթահար։ «Աղջիկ խո չե՞ք»՝ Եվայի այդ խոսքերը և դրա հետ միասին նրա բարձրահնչուն ծիծաղը մեխի պես ցցվեցին Շահյանի ուղեղի մեջ, և նա զգաց, որ այդ սպանիչ խոսքերն ու ծիծաղը երբեք չպիտի կարողանա մոռանալ։ Բայց այժմ այդ մասին նա շատ քիչ էր մտածում. նրան մտահոգություն էր պատճառում այն հանգամանքը, թե ինչպես պիտի անցկացներ մի քանի ժամ Եվայի և Աշխենի մոտ, առանց Մարությանի և նրա կնոջ։

— Գիտե՞ք ինչ, պարոն Շահյան,— ասաց Եվան կամաց, երբ տուն հասան, և Շահյանը նախասենյակում հանում էր վերարկուն։— Մենք ուղղակի կմտնենք Աշխենի մոտ։

— Ասում եք պարապում է. չե՞նք խանգարիլ։

— Այդ քաջությունը ե՛ս եմ հանձն առնում։

Եվան մոտեցավ Աշխենի սենյակի դռան, նախ միջամատով թրխկթրխկացրեց, հետո կամաց բաց արեց և գլուխը