Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/607

Այս էջը հաստատված է

ԱՐԱՄ.— Զարմանալի է։ Հապա մաման ասում է, թե շատ է պատմել քեզ իմ մասին։

ՍՈՒՐԻԿ.— Պատմել է, բայց ձեզ չեմ հիշում։ (Հանկարծ ուրախ): Իսկ հայրիկս խոստացել է, որ եթե փոխվեմ, վելոսիպեդ կառնի ինձ համար։

ԱՐԱՄ (ծանր հիասթափությամբ).— Հաա՞... (Կամաց հեռացնում է իրենից երեխային և ընկնում մռայլ մտախոհության մեջ):

ՍՈՒՐԻԿ.— Մամա՛, տվեք վկայականս, տանեմ պահեմ, որ հայրիկը գա, ցույց տամ, վելոսիպեդն առնի։ (Խլում է մոր ձեռքից վկայականը և դուրս վազում):

Երկարատև ծանր լռություն:


V
Արամ և Ֆլորա:

ԱՐԱՄ (միշտ նույն մռայլ մտախոհության մեջ).— Հայրիկը... միշտ հայրիկը և... վելոսիպեդ... Իսկ ես,— խե՜ղճ, միամի՜տ,— կարծում էի, թե ամեն բան կորցնելուց հետո պահպանել եմ գեթ այդ մեկը, ամենագլխավորը և ամենաթանկագինը, որը ոչ ոք լի կարող խլել ինձնից և որով միայն այսուհետև պիտի արդարանար իմ գոյության իմաստը, բայց ահա այդ էլ չկա. այդ մեկը, այդ վերջինն էլ են խլել ինձնից... (Տարակուսանքով նայում է Ֆլորայի աչքերին)։ Է, հետո՞...

ՖԼՈՐԱ.— Իզուր ես այդպես հուսահատվում։ Չգիտե՞ս, որ երեխան առհասարակ շուտ է մոռանում։ Թեև ես շարունակ պատմել եմ քո մասին, բայց ախր հինգ տարի է, որ չի տեսել քեզ։

ԱՐԱՄ.— Եվ կապվել է նրա հետ, որին շարունակ տեսել է իր աչքի առջև և որին սովորել է հայրիկ անվանել։

ՖԼՈՐԱ.— Ես զարմանում եմ քեզ վրա, Արամ. ինչո՞ւ ես նեղանում, չէ՞ որ դա բնական է մի երեխայի համար, որ դեռ ոչինչ չի հասկանում։ Երբ որ մենք կհասկացնենք նրան, որ իր իսկական հայրը դու ես, նա, իհարկե, կկապվի քեզ հետ։

ԱՐԱՄ.— Դու կարծո՞ւմ ես։