Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Այս էջը հաստատված է

Իսկ Շահյանը, սաստիկ նեղվելով իր դրությունից, շուտ-շուտ նայում էր դռան կողմը, սպասելով Եվայի վերադարձին, և դիտում էր սենյակը։

Սենյակը փոքր էր, համեստ, գրեթե աղքատ կահավորանքով, բայց լավ տպավորություն էր գործում։ Աչքի էր ընկնում կարգ ու կանոն և վերին աստիճանի մաքրություն։ Փողոցի կողմը նայող երկու լուսամուտի տախտակե փեղկերը փակ էին։ Գրասեղանի վրա վառվող լամպի կապույտ լուսամփոփն առաստաղն ու պատերը կեսից բարձր ներկել էր կապտավուն գույնով, որից սենյակի մեջ հանգուցիչ կիսախավար էր տիրում։ Պատերից մեկի մոտ դրված էր գրքերի մի մեծ պահարան ապակյա դռներով, բոլոր դարակները գրքերով լի։ Գրասեղանի վրա ճկճկում էր նիկելի մի փոքրիկ կանացի ժամացույց ղայթանի շղթայով։ Շահյանի աչքովն ընկավ լամպի տակ դրված մի երիտասարդի լուսանկար գեղեցիկ կանգուն շրջանակի մեջ։ Դարձյալ մի բան ասած լինելու համար, ուզեց հարցնել, թե ով է այդ երիտասարդը, բայց վախեցավ, որ դարձյալ չոր ու ցամաք պատասխան ստանա և նորից նայեց դռան կողմը։

9

Լռության ճնշումն արդեն անտանելի էր դառնում մինչև անգամ Աշխենի համար, որը, ըստ երևույթին, ամենևին ընդունակություն չուներ հյուր զբաղեցնելու, երբ իրեն հատուկ աշխույժ քայլերով ներս մտավ Եվան հագուստը փոխած։ Նրա ներս բերած շարժումն այնքան կենդանարար էր, որ սենյակում տիրող կիսախավարն անգամ, կարծես, պայծառացավ։

— Չե՞ս զարմանում, Աշխեն, որ ես հայրիկին ու մայրիկին թողի այնտեղ և տուն եկա.— մտնելուն պես ասաց նա և, մի աթոռ առնելով, նստեց հորեղբոր աղջկա մոտ։— Նրանք ուզում էին ինձ պահել այնտեղ, որ հետո կլուբ տանեն, բայց ես չուզեցի։ Գալիս էի, որ նամակ գրեմ Արմենակին,— գիտե՞ս, այս շաբաթ ոչ մի նամակ չեմ գրել,— բայց ճանապարհին հանդիպեց պարոն Շահյանը, և մենք եկանք մի քիչ ժամանակ անցկացնելու քեզ հետ: Ի՞նչ ես կարդում։— Եվան