Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/611

Այս էջը հաստատված է

Ֆլորա։ Դու ինչ որ ուրիշ տեսակ ես խոսում։ Պարզ ասա,— սա շատ լուրջ բան է, դու դարձյա՞լ... սիրում ես նրան։

ՖԼՈՐԱ.— Եթե միայն կարելի է սիրել մի... ուրվականի։

ՌՈՒԲԵՆ.— Բայց նա ուրվական չէ. նա ինքը կենդանի կանգնած է քո առջև։

ՖԼՈՐԱ.— Այն օրից, որ հանգամանքները հարկադրեցին ինձ երկար սպասումից հետո նրան մեռածների կարգը դասելու, ես նրան հավիտենապես կորած համարեցի ինձ համար, և այժմ նա՛ չէ, որ վերադարձել է, այլ նրա ստվերը, նրա ուրվականը, որպեսզի իր խղճալի տեսքով, իր անհուն դժբախտությամբ քայքայի իմ խիղճը, վրդովի իմ հանգիստը, թունավորի իմ նոր կյանքը...

ՌՈՒԲԵՆ.— Ֆլորա, որքա՜ն լավն ես, որքա՜ն բարի։ (Համբուրում է նրա ձեռքերը): Եվ քո այդ լավության, քո այդ բարի սրտի համար է, որ այսքան սիրում եմ քեզ։ Ես հասկանում եմ քեզ. քո մեջ խոսում է խիղճը։ Բայց իզուր ես այդքան մտածում։ Ես ինքս չափազանց խղճում եմ նրան, մանավանդ որ ֆիզիկապես էլ դժբախտացել է։ Եվ եթե նա որևէ կարիք ունի, մենք կհոգանք այդ կարիքը. եթե կուզենա բարեկամ լինել մեզ, մեր դուռը միշտ բաց կլինի նրա առջև, ես ուրախությամբ մի հարմար պաշտոն կտամ նրան մեր գրասենյակում, եթե կընդունի։ Մի խոսքով՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի նա չզգա իր դժբախտությունը, և ես կարծում եմ, որ նա ժամանակի ընթացքում կմոռանա ամեն բան և ամեն բան լավ կգնա։

ՖԼՈՐԱ.— Ի՜նչ հեշտ ես վճռում...

ՌՈՒԲԵՆ.— Հապա ի՞նչպես։

ՖԼՈՐԱ.— Մի րոպե ինքդ քեզ դիր նրա դրության մեջ. մի րոպե երևակայիր, որ դու երկարատև բացակայությունից հետո վերադառնում ես տուն և տեսնում ես, որ այլևս տուն չունիս, ընտանիքդ քայքայվել է, սիրածդ կինը ուրիշի կինն է դարձել, միակ զավակդ մեծացել չի ճանաչում քեզ, ինքդ ամեն բանից զրկված և հաշմանդամ՝ դարձել ես արգահատանքի և խղճահարության առարկա։ Եվ եթե այդ բոլորից հետո նա, որ տիրացել է քո կնոջը, և ինքը այդ կինը, որ այլևս քո կինը չէ, գան քեզ մոտ և ասեն. «Մենք բարի ենք, մենք խղճում