Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/614

Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ.— Սուրիկն ախր չճանաչեց նրան և այնպիսի խորթություն ցույց տվավ, որ ես սարսափեցի։

ՌՈՒԲԵՆ.— Հապա ի՞նչպես էիր ուզում, որ լիներ հինգ տարի հորը չտեսնելուց հետո։

ՖԼՈՐԱ.— Բայց ես վախենում եմ, որ նա միշտ էլ խորթ կմնա հորից։

ՌՈՒԲԵՆ.— Ինչո՞ւ։

ՖԼՈՐԱ.— Որովհետև քեզ է համարում իր հայրը և քեզ հետ է կապվել։ Ես նկատում էի, թե ինչպես այլայլվում էր նա, երբ Սուրիկն իր երեխայական միամտությամբ քո անունն էր տալիս։ Եվ ես կարծում եմ, որ նա չուզեց քեզ հետ ծանոթանալ և իսկույն դուրս գնաց գլխավորապես այդ պատճառով։

ՌՈՒԲԵՆ.— Լավ, ես խո չեմ խլում նրա որդին և արդեն հո չեմ էլ կարող խլել։

ՖԼՈՐԱ.— Արդեն խլել ես։ Ահա, ասում ես, քեզ տեսավ թե չէ, թողեց հորը և վազում է քեզ մոտ։ Սուրիկն անհամբեր քեզ էր սպասում, որովհետև ինչ որ վելոսիպեդ ես խոստացել, և ես աղախնին հատկապես պատվիրեցի, որ չգնա իմաց չտա նրան, թե դու եկել ես, իսկ դու հանկարծ ինքդ ես երևում նրա աչքին։ Այժմ երևակայո՞ւմ ես նրա հոր դրությունը։

ՌՈՒԲԵՆ.— Դե ես ի՞նչ գիտեի։ Ինչո՞ւ չնախազգուշացրիր։ Տեսնում ես, այդ էլ մի ուրիշ առիթ, որ դու պետք է անհրաժեշտորեն խոսես նրա հետ։ Պետք է մի անգամ առ միշտ վերջ տալ բոլոր թյուրիմացություներին։ Եվ որքան շուտ, այնքան լավ թե քո, թե իմ և թե իր հանգստության համար։ Կանչենք նրան, նա կարող է գնալ։

ՖԼՈՐԱ (հուսահատ և անվճռականորեն).— Ա՜խ, տեր իմ աստված, այս ինչ դրություն է...

ՌՈՒԲԵՆ.— Կանչում եմ։ (Զանգահարում է):

Մտնում է աղախինը:


X

Ֆլորա, Ռուբեն և աղախին

ՌՈՒԲԵՆ.— Վազիր իսկույն պարտեզ և հրավիրիր այն պարոնին, որ մի քիչ առաջ այստեղ էր։ Իմ կողմից չէ,— լսո՞ւմ ես,— հրավիրիր տիկնոջ կողմից։