Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/621

Այս էջը հաստատված է

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Ո՛ւր... ախր դու ինձ այստեղ կխայտառակես...

ՄԱՐԻԱՄ.— Լավ, կա՛ց, կա՛ց... Էլ ոչինչ չեմ ասիլ... ահա խելոք նստում եմ և բերանս փակում եմ...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Այդպես ի՞նչպես կարելի է... մի փոքր էլ հեռատեսություն պետք է ունենաս... քանի՛ անգամ քեզ ասել եմ, որ այստեղ քո տանը, հենց թեկուզ ինձ հետ մենակ եղած ժամանակ, այդպիսի բաների մասին մի խոսք անգամ մի արտասանիր և վարվիր ինձ հետ այնպես... (հանկարծ լսելով Թաթուլյանի ոտների ձայնը, շարունակում է բարձրաձայն): Այո՛, տիկին, դուք շատ ճիշտ եք ասում։ Ես ևս համաձայն եմ ձեզ հետ... բայց ի՞նչ արած՝ դարուս պահանջն է, ուրիշ կերպ գործել անկարելի է...


ՏԵՍԻԼ ԺԶ.
Թաթուլյան, Մարիամ, Ազատյան

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ] (Մտնում է).— պ. Ազատյան, ահա ընդունեցեք հազար ռուբլին։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Անչափ շնհրհակալ եմ, պ. Սարգիս... անչափ պարտավորեցնում եք ինձ... բայց, իհարկե, պետք է ապահովագիր տամ ձեզ...

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Ի՞նչ հարկավոր է. ամաչեցնե՞լ եք ուզում ինձ, ի՞նչ է...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Չէ՛, ինչո՞ւ, պ. Սարգիս... ավելի լավ չէ՞, եթե ապահովագիրը ձեռքներիդ ունենաք։

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Ոչ, լավ չէ... մեզ համար լավ չէ... ես կատարելապես հավատում եմ ձեր ազնվությանը։ (Նստում է գահավորակի վրա):

ԱԶԱՏ[ՅԱՆ] (Ամուր սեղմելով նրա ձեռքը).— Որքա՛ն շնորհակալ եմ ես ձեզանից ձեր այդ հավատի համար... ընդունեցեք խորին հարգանք... և առ այժմ ցտեսություն...

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Ցտեսություն։

ԱԶԱՏ[ՅԱՆ].- Ցտեսություն, տիկին... խնդրում եմ ներեցեք ինձ ձեզ անհանգստացնելու համար... (Մարուշյանը մտնում է):