Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/627

Այս էջը հաստատված է

Հա՞... Եթե մի այդպիսի կասկած ունես, ինչո՞ւ ուղղակի չես ասում... Հա՜, Եղիսաբեթ, ես քեզանից ամեն բան կսպասեի, բայց այդ— երբե՛ք, աստված է վկա— երբեք... Մտքովս անգամ չէի անցկացնիլ, թե դու կարող ես ինձ վրա մինչ այդ աստիճան ստոր կարծիք ունենալ... Այս րոպեիս դու ինձ այնպես բարկացրիր, այնպե՛ս վիրավորեցիր, որ... չգիտեմ, ճշմարիտ, ինձ մեղադրեմ, որ, գուցե, մի ամենահիմար բանով քեզ մի այդպիսի կասկածանքի տեղիք եմ տվել, թե մեղադրեմ քեզ, որ դու այդ աստիճան երեխայամիտ ես և նախօրեն չես կշռադտտում, թե ի՛նչ ես ասում և ո՛ւմն ես ասում... Է՛հ... (Դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ Բ.
Եղիսաբեթ (միայն)

(Երկար ժամանակ մնում է անշարժ, հետո գլուխը բարձրացնում է և հոգոց հանելով): Ինչպես անշնորհք եմ եղել ես... Սկսեցի խոսել, բայց այն դուրս չեկավ, ինչ որ ուզում էի ասել... Նրան էի մեղադրում, այն ինչ մեղավորը ես դուրս եկա... Տե՛ր աստված, տե՛ր աստված, կարծես, խելքս գլխիս չէ... (Ուզում է դուրս գնալ աջ կողմը):


ՏԵՍԻԼ Գ.
Եղիսաբեթ, Աննա

ԱՆՆԱ (Շտապով մտնում է).— Բարև ձեզ։ Ո՞ւր է պարոն Ազատյանը։ Ա՞խ, ի՛նչ հիանալի, ինչ հրաշալի էր նրա այսօրվա հոդվածը, այնպես չէ՞... Դուք, իհարկե, կարդացել եք։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ոչ։

ԱՆՆԱ.— Ո՞չ... Քաղաքական ամուսնության մասին գրած հոդվածը չե՞ք կարդացել... ձեր ամուսնու գրած հոդվա՞ծը... միթե կարելի է... ես կարծում էի, թե ամենից առաջ դուք կլինեք կարդացած, իսկ ասում եք ո՞չ...

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ժամանակ չունեի կարդալու։