Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/628

Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ. — Ա՜խ, շուտով կարդացեք, իսեր աստծո, և տեսեք, թե ի՛նչ հրաշալի, ի՛նչ աննման բան է... Մի կողմը թողած լեզուն, ոճը, որ կարծես մուզիկա լինի, դուք վերցրեք միայն նյութը, միտքը... քաղաքական ամուսնությո՜ւն,— հասկանում եք, թե ի՛նչ է նշանակում այդ հայերիս համար... Պարոն Ազատյանն առաջին մարդն է հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքին դուրս է գալիս հրապարակ և քարոզում է մեզ քաղաքակրթություն, լուսավոր Եվրոպայի այդ ամենասքանչելի օրենքը... Ա՜խ, ո՞ւր է նա, ես ուզում եմ հայտնել նրան իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը.. երևակայեցեք...

ԵՂԻՍ[ԱԲԵԹ] (Ձախ դուռը ցույց տալով).— Այնտեղ է։ (Դուրս է գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ Դ.
Աննա (միայն)

Ի՞նչ անքաղաքավարություն, խոսքս կիսատ է թողնում և առանց ներողություն խնդրելու դուրս է գնում... Ա՜, հասկանում եմ... նա մի ուրիշ տեսակ էր... Երևի ամուսնու հետ մի որևիցե տարաձայնություն է ունեցել... բայց եթե այդ հիմարը գիտենար, թե ի՛նչպիսի գանձ է յուր ամուսինը... (Մասխարյանը մտնում է):


ՏԵՍԻԼ Ե.
Աննա, Մասխարյան

ԱՆՆԱ.— Ա՜, պ. Մասխարյան... անպատճառ դուք ևս նույն նպատակով եք եկել...

ՄԱՍԽ[ԱՐՅԱՆ].— Ի՞նչ նպատակով։

ԱՆՆԱ.— Որպեսզի պ. Ազատյանին հայտնեք ձեր շնորհակալությունն յուր այսօրվա սքանչելի հոդվածի համար։

ՄԱՍԽ[ԱՐՅԱՆ].— Այո՛, ես եկել եմ իմ ջերմաջերմ շնորհակալությունն հայտնելու պ. Ազատյանին... Մի՞թե դուք ևս նույն նպատակով եք եկել։