Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/631

Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մահը

«Մահը» վեպը ստեղծվել է երկարատև ու ծանր աշխատանքով։ Կիսավարտ «Փորձաքարը»՝ վեպի նախնական տարբերակը, գրված էր 1888-ին։ Նամակներում Նար-Դոսը հաճախ է անդրադառնում վեպի ստեղծագործական պատմությանը։

1892, մայիսի 14. «Մի նոր վեպս, որ վաղուց սկսած էի շարունակում եմ»։ 1893, օգոստոսի 10. «Գրում եմ «Մեծ գործի շուրջը» վերնագրով վեպս, որ 1892 թվականից եմ սկսել և մինչև օրս դեռ երկու մասն եմ գրել միայն» (հակասություն չկա. «Փորձաքարը» այնպես է փոփոխվել, մշակվել, որ վեպի իսկական սկիզբը հեղինակը համարել է 1892-ը)։ 1894, մարտի 14. «Վեպս տպագրվում է.... կարմիր թանաքն սկսել է յուր ավերումները... նայում եմ ցենզուրական թերթերին, կարծում եմ, թե սրտիցս մի կտոր կտրել, դեն են ձգել»։ 1896, ապրիլի 20. «Որտեղի՞ց ես լսել, թե վեպս վերջացրել եմ։ Ճիշտ է, մի այդպիսի բան կա, բայց ինձ թվում է, թե մի ախմախ բան է դուրս եկել»։ 1900, հուլիսի 26. «Մեծ գործս» վերջացնում եմ, տղա ես, փող գտիր հրատարակելու համար», և 1901, սեպտեմբերի 13. «Մեծ գործի սկզբում» վեպիս հրատարակության... գումարի առաքումը... ձգձգվում է»։ 1901, նոյեմբերի 11. «...ցենզուրից ետ ստացա վեպս սաղ-սալամաթ. մի բառ անգամ չի ջնջել»։ 1904, հուլիսի 2. «Երկրորդ մասն արդեն վերջացնելու վրա եմ. մնում է երրորդ մասը։ Բավական փոփոխություններ եմ մտցնում, երկրորդ մասի վերջին երեք գլուխը դեն եմ ձգում»։ 1904, նոյեմբերի 14. ցենզորը «... հայտնեց ինձ, որ ներկա պայմաններում հնարավոր չի համարում թույլ տալ «Մեծ գործի սկզբումիս» տպագրությունը, բարեկամորեն խորհուրդ տվեց պահել առժամանակ... սիրտս սաստիկ կոտրված է»։ 1908, մարտի 31. «Մեծ գործի սկզբում» Կուլտուրականը մերժեց հրատարակել նյութական սղության պատճառով»։ 1912 հուլիսի 5. «Մահը» գրել եմ սրանից մոտ 20 տարի առաջ»։ 1912, հուլիսի 12. «Ձեզ ներկայացրած ձեռագիր աշխատությանս մեջ փոփոխություններ են մտած, և առհասարակ վեպիս ընթացքը այն ժամանակվա գրաքննական պայմանների շնորհիվ հետագայում հարկադրված եմ եղել փոխել... հարկ եմ համարել փոխել նաև վերնագիրը»։