Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/634

Այս էջը հաստատված է

Մինաս Բերբերյանին ուղղված նամակում Նար-Դոսը գանգատվում էր խմբագրական ծանր աշխատանքից. «... այժմ ես նմանում եմ մի հոգնած ձիու, որ ոտները հազիվհազ շարժում է և քիչ էլ գնա, պետք է սատակած ընկնի։ Եվ չեմ ցավում դրա համար, որովհետև... է՛հ»։ Խոլերան հնձելով հասել էր Թիֆլիս և դրանից անկախ էլ դեռ շատ երիտասարդ, փայլուն արձակագիրը ստոյիկյան համբերությամբ նախապատրաստվում էր մահվան։ Այդ օրերին աշխատում էր «Մահի» նախնական մի տարբերակի վրա: Նամակի տեքստից երևում է, որ երիտասարդներին երբեմն հատուկ չար կատակ չէր. նա խորապես ապրում էր այն՝ ինչ որոշիչ դարձավ վեպի վերնագրի և գերխնդրի համար։ Իր նշած կյանքի սահմանից երկու անգամ ավելի տարիքում նա կարճառոտ բնութագրում է վեպի էությունը. «Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործողության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի հակադիր տեսակետներից։ Առանձնապես մահվան պրոբլեմն աշխատել եմ տալ վեպի վերջում՝ Շահյանի նամակի մեջ»։

Կարելի՞ է այստեղից եզրակացնել, որ վեպի գլխավոր կերպարը մահվան պրոբլեմն ամբողջ ծանրությամբ իր վրա կրող Լևոն Շահյանն է։ Ըստ նախնական մտահղացման գլխավոր հերոսը պետք է որ լիներ Արմենակ Մարությանը։ Սակայն լավատեսի դերը կատարում են մի քանի եռանդուն և գործունյա կերպարներ՝ Արմենակի անունը հայրենանվեր անձնազոհության իդեալ ունենալով: Շահյանը՝ մահվան մասին հեղինակի մտորումների ծնունդ է ճիշտ այնպես, ինչպես լավատես հերոսները՝ ազգային գործունեության մասին մտորումների։ Կյանքի և մահվան, լավատեսության և հոռետեսության, գործունեության և ապատիկ անգործության հակասության մեջ է շարժումը, բախման մեծ է ծնվում ճշմարտությունը: Այս բխում է Նար-Դոսի ոչ միայն «Մահը» վեպից։ Որ գրողը չէր կարող մահն ըմբռնել Շահյանի նման, երևում է թեկուզ մերթընդմերթ ընդգծված կծու հեգնական արտահայտություններից՝ չափազանց բարի, բարեխիղճ, բայց և մի քիչ հիվանդոտ ու թուլակամ, մի քիչ ծույլ ու ձանձրացած այդ կերպարի հասցեին։ Գրողի իդեալը ազատագրության հերոսն է։ Մահվան ու կյանքի իմաստի շուրջ կերպարների դատողությունները ծավալվում են սկզբից իսկ, մինչև վերջին տողերը, ուր հակադրվում են հերոսի և հոռետեսի մահը, վիպական հանգույցները կշռավորված են այդ հավերժական խնդրով։ Մարությանի ասածը զոհված որդու մասին՝ Նար-Դոսի համոզմունքն է, այն գաղափարը, հանուն որի գրվել է վեպը։ Վեպում երկու անգամ հիշվում է ավետարանական ասույթը. «Ամէն ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ» (Աւետարան ըստ Յովհաննու, գլ. ԺԲ, 24)։ Մահվան մասին Շահյանի մտորումներն այլ ընթացք ունեն և գալիս են Եկկլեսիաստեսից. «... ունայնութիւն ունայնութեանց՝ ամենայն ինչ ընդունայն է» (Բանք ժողովօղին, գլ. Ա, 2), «Եւ գովեցի ես զամենայն մեռեալսն որք յառաջագոյն մեռան, քան զկենդանիսն՝ որ ցայժմ կենդանի իցեն» (նույն, գլ. Դ, 2)։ Ընդվզելով բանականության դեմ Շահյանը նամակում գրում է. «Գիտակցությո՜ւն... Ահա