Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Այս էջը հաստատված է

Շահյանը կատարելապես կրակն էր ընկել։ Նա տեսնում էր, որ ինքը իսկապես ոչինչ չգիտե, ոչինչ չի կարող ասել: Այդ հարցասեր աղջիկն իր ջերմ հետաքրքրությամբ բոլորովին խճճում էր նրա դանդաղ միտքը։ Նա լիովին զգում էր իր մտավոր բոլոր թուլությունը Եվայի՝ կայծակի պայծառ ցոլացումների պես թռչկոտող ճկուն մտքի առաջ, իսկ մյուս կողմից տեսնում էր Աշխենի համառ, ճնշող հայացքն իր ակնոցի վրա քարացած։

— Ոչ, օրիորդ, ավելի լավ է, ուրիշ բանի մասին խոսենք,— ասաց նա, վճռելով այս անգամ բոլորովին խույս տալ։

— Ոչ, ոչ, ոչ։ Աղաչում եմ, պարոն Շահյան։ Համարեցեք, թե ես ձեր աշակերտուհին եմ և բան եմ ուզում սովորել ձեզնից։ Ինչո՞ւ դուք ուշադրություն եք դարձնում այն հանգամանքի վրա, որ ամեն բան մեռնում է աշխարհիս երեսին, և ինչո՞ւ ուզում եք, որ ոչինչ չմեռնի։

— Մի՞թե դուք չեք ուզում։

— Ա՛խ, ինչպե՞ս չէ։ Կյանքն այնքան սիրելի է... Որքան էլ տխրալի բան է մահը, որքան էլ ես վախենում եմ մեռնելուց, այնուամենայնիվ հաշտվում եմ, որովհետև տեսնում եմ, որ ուրիշ կերպ չի լինում, ուրիշ կերպ չի կարող լինել, և այդ պատճառով ավելի ևս սիրում եմ կյանքը։ Բայց դուք այդպես չեք երևում, դուք հուսահատվում եք, ձանձրանում եք, չեք սիրում կյանքը, ինչո՞ւ, ինչո՞ւ, հարցնում եմ ձեզ։

— Հավատացնում եմ, օրիորդ, լավ կլինի, որ այս մասին չխոսենք,— ասաց Շահյանը, կարծես աղերսելով, որ նա խնայե իրեն։

Բայց Եվան իր պարզամտությամբ չհասկացավ նրա միտքը։

— Է՛հ,— արտասանեց նա թեթև նեղացած։— Իմ տեղ դուք եք վախենում։

— Ես չեմ վախենում, օրիորդ, այլ ուզում եմ, որ... այսպիսի տխուր բաների մասին չխոսենք... Վերջապես ես մտադիր չեմ երկար խոսելու. և նոր բան էլ չպետք է ասեմ։ Ես միայն այս եմ ասում, որ... կյանքն ինքնըստինքյան հուսահատեցուցիչ է (Շահյանն այդ բառն արտասանեց լեզվի ծիծաղելի խճճումներով, որից նա ավելի շփոթվեց), որովհետև...