Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

ընդհանուր բացարձակ ունայնության գիտակցությունը չափից դուրս արդեն ճնշում է մարդուս...

— Ընդհանուր բացարձակ գիտակցությունը,— մտառությամբ կրկնեց Եվան։— Ներողություն, ինչպե՞ս ասացիք։

— Ընդհանուր բացարձակ ունայնության գիտակցությունն, ասացի, չափից դուրս ճնշում է մարդուս։

— Ընդհանուր բացարձակ... ունայնության... գիտակցությունը... Սպասեցեք մտածեմ։

Եվ Եվան անթարթ նայելով Շահյանի ակնոցին, դարձյալ նույն մտառությամբ կրկնեց հատ-հատ այդ բառերը, որի ժամանակ նա գլուխը ետ ու առաջ էր շարժում։

— Այսինքն դուք ուզում եք ասել, որ մարդ գիտե, որ ամեն բան ունայն է, և ճնշվո՞ւմ է այդ գիտակցությունից։

— Այո։

— Շատ լավ։ Հետո՞։

— Հետո ի՞նչ։

— Ուրիշ ոչի՞նչ։

— Ուրիշ ոչինչ։

Եվան նորից տարակուսանքով վեր քաշեց ուսերը և սառեց.

— Ես ծուծն եմ ուզում, դուք միայն ընդհանուր բառերն եք ասում։ Լավ, այլևս չխոսենք այս մասին, ես չեմ ուզում ձեզ ստիպել։

Եվ Եվան վեր կացավ, կանչեց աղախնուն և պատվիրեց, որ թեյ բերի։

Նրա այդպես հանկարծ սառչելը սպանիչ ազդեցություն ունեցավ Շահյանի վրա։ Երբեք այնպես ողորմելի, այնպես մտավախ չէր թվացել ինքն իր աչքում, ինչպես այդ րոպեին։

Կարճ ժամանակ տիրեց նրա համար վերին աստիճանի ծանր լռություն։

— Ներողություն, պարոն Շահյան,— լսվեց Աշխենի սովորական հանգիստ ձայնը.— ուզում եմ ձեզ մի բան հարցնել։

Շահյանն իր պլպլան ակնոցի միջից նայեց նրան և դողաց։

— Հրամայեցեք,— ասաց նա թուքը ցամաքած։