Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է

կարողանում միանգամից հիշել: Բա-բա ես անում, կարծես զատկի գառը լինիս։ Կարծեմ, ես այնքան էլ չեմ փոխվել։ Իսկ դու... Երևակայիր, որ միայն ակնոցիցդ ճանաչեցի քեզ։ Դեմքդ այնքան սպիտակել և քնքշացել է, որ կարծես աղջիկ լինես... Բայց այս ինչպիսի՞ բան է. մենք գալիս ենք այս միևնույն գնացքով և միայն այստե՞ղ ենք հանդիպում իրար։

— Դու է՞լ այս գնացքով ես գալիս,— զարմացավ Շահյանը։

— Եկա, և գնացքն այստեղից կշարունակի իր ճանապարհը, առանց այլևս իմ մարմնի ծանրությունը կրելու։

— Այստեղից բաժանվո՞ւմ ես։

— Այո՛, բարեկամս. ես գնում եմ Ախալցխա, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Կարս և այլն... Գիտեմ, իսկույն պիտի հարցնես, թե որտեղից եմ գալիս։ Գալիս եմ ուղղակի Ղրիմից։ Իսկ որպեսզի ավելորդ նեղություն չտաս քեզ հարցնելու ինձ, թե ինչ բանի եմ, այդ մասին քեզ հետ կխոսեմ Թիֆլիսում, երբ այս կողմերն անելիք կարճ էքսկուրսիայիցս հետո կգամ այնտեղ և մի անգամ առանձնապես կտեսնվեմ քեզ հետ։ Առայժմ... Լսիր, քանի՞ տարի կլինի՝ չենք տեսել իրար։

— Եթե չեմ սխալվում տասը-տասներկու տարի կա։

— Մի՞թե։ Երևում է, ժամանակը շատ առողջ թևեր ունի։ Ցտեսություն։ Ներիր, որ այսպես շուտ եմ բաժանվում քեզնից: Ես մենակ չեմ։ Տեսնո՞ւմ ես այն կնոջը։— Բազենյանը մատով ցույց տվեց դահլիճի դռան մոտ կանգնած բարձրահասակ մի կին, որի դեմքը Շահյանը չկարողացավ տեսնել, որովհետև այդ կինը նայում էր դեպի դահլիճ։— Նա լեհացի է։ Ճանապարհին ծանոթացա և ընկերացա հետը։ Ամուսինը ռուս է, ծառայում է Կարսում։ Գնում է նրա մոտ... Ի՜նչ, դու ժպտո՞ւմ ես։

Շահյանն այս անգամ ծիծաղեց։

Բազենյանը հանգստությամբ նայեց նրա անալի դեմքին և նույն հանգստությամբ նկատեց.

— Եթե այդքան անհամ չծիծաղեիր, ես քեզ լրջորեն կապացուցանեի, որ նա պատվավոր կին է...ցտեսություն։ Նա սպասում է ինձ։ Մենք, երևի, կճաշենք այստեղ ու հայդա։ Հա, ես դեռ կառք էլ պիտի վարձեմ։