Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

Դա մահ էր, բարոյական մահ՝ թելադրված այն գիտակցությունից, որ իր հոգեկան ու մտավոր սնանկությունը հրապարակ էր հանվել իբրև ծաղրի, հիասթափության ու խղճահարության առարկա։ Եվ հրապարակ հանողներն ովքե՞ր էին.— երկու աղջի՜կ... իսկ իր անունը երիտասա՜րդ էր, տղամա՜րդ... Բարոյական մի թեթև հարվածով այդ երկու աղջիկը տեղից շարժել էին անշարժության մեջ փտած երիտասարդին, ցնցել էին նրա թմրած ուղեղը և միմիայն այն պատճառով, որ իրենք կին էին և իրենց կին տեղովը նրան կյանքի նպատակն էին ցույց տալիս — տակնուվրա էին արել նրա ամբողջ էությունը։

Ամոթը սպանում էր Շահյանին։ Սեփական ապիկարության գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր նրա ուղեղը։

Թերևս այդ փտած երիտասարդի մեջ ևս խոսում էր տղամարդու անձնապաստանությունը,— դարերից ի վեր որոշ հանգամանքների շնորհիվ տղամարդու մեջ զարգացած այն մեծամտությունը, թե կինը կարող չի իր հասկացողությամբ, ոգով ու գաղափարներով բարձր լինել տղամարդուց։

Իր հոգու ամբողջ կարողությամբ Շահյանն սկսեց ատել իրեն։ Նրա նեղ ինքնասիրությունն իր ողորմելի անզորության մեջ դարձավ իր հակառակ ծայրին — փոխվեց ինքնատյացության։

Սակայն նրա ատելությունն իրենով միայն չսահմանափակվեց. նա սկսեց միաժամանակ ատել ամենքին և ամեն ինչ, և ամենից ավելի նրանց, որոնք իր պես մի անհյութ ու անալի արարած էին լույս աշխարհ բերել, կարծես, նրա համար միայն, որ մարդիկ խղճահարության մի առարկա ունենային։

Այժմ նա արդեն կատարյալ պատիժ դարձավ իր ծնողների գլխին. բառիս բուն նշանակությամբ նա լացացնում էր հորն ու մորը, և, կարծես, մխիթարվում էր նրանց արտասուքով։ Շատ անգամ չէր ուզում տեսնել նրանց երեսը և սպառնում էր կատաղած, որ եթե նրանք այս կամ այն կերպ կանհանգստացնեն իրեն, կգնա ջուրը կըկնի կխեղդվի, ատրճանակ կպարպի իր ճակատին, թույն կխմի, մի խոսքով,