Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Այս էջը հաստատված է

Դաժան ձմռան գուժաբեր աշունն օր-օրի վրա խստանում էր։ Արևը, զրկված իր կենարար ջերմությունից, չէր համարձակվում դուրս նայել պղտոր ամպերի ետևից, որոնց ցուրտ քամին, պատառ-պատառ անելով, ցան ու ցիր էր անում, սակայն երբեք թույլ չտալով, որ նրանք բաց անեն երկնքի կապուտակը։ Երբեմն քամին տեղի էր տալիս հանդարտ եղանակի. բայց այդ հանդարտ եղանակն ավելի ևս մռայլ էր լինում, արճճագույն մառախուղը թանձր գոլորշու նման վաղ առավոտից ծանրությամբ իջնում էր ներքև, ծածկում էր ամբողջ տարածությունն երկնքի և երկրի միջև, շարժվում էր անախորժ սառնությամբ և իր թանձր խոնավությունից փոշենման անձրև էր կտրվում տեղն ու տեղը։ Բնությունն էլ, կարծես անիծելով իր կյանքը, ողբում էր իր գոյությունը, ինչպես իր անմիտ գոյությունը ողբում էր Շահյանը։ Շահյանին թվում էր, թե մի չար ձեռքով իր հետ ստեղծված բնությունն էլ տանջվում է իր ոչնչության գիտակցությունից և երջանիկ կլիներ, եթե զրկվեր իր մեջ ապրող և իրեն ապրեցնող կենսական ուժից և սառեր, անհետ կորչեր տիեզերքի և ժամանակի անվերջ տարածության մեջ։

Շահյանը հիշեց իր սիրած հոռետես փիլիսոփաներին, որոնց առժամանակ մի կողմն էր դրել և կարդում էր գլխավորապես այն ժամանակ, երբ իր անշարժ, միակերպ կյանքն արդեն չափից դուրս տաղտկալի էր թվում նրան։ Իր դատարկ հոգու մխիթարությունը դրանց գրվածքների մեջն էր գտնում։ Համաշխարհային թշվառության և բացարձակ բացասության այդ ողբերգակներն իսկ և իսկ նրա սրտիցն էին ջուր խմում, և նա ագահությամբ լափում էր դրանց մռայլ ուղեղի մռայլ արտադրությունները, չնայելով, որ դրանք շատ տեղ այնքան խորիմաստ էին, որ նրա սահմանափակ և դժվարաշարժ ուղեղը միայն անորոշ ու մութ հասկացողություններ էր դուրս բերում։

Մի գիշեր, երբ, անկողնում պառկած, կարդում էր Շոպենհաուերի վարդապետությունը բացատրող ռուսերեն մի գրվածք, հանկարծ խելքին փչեց, որ թարգմանի այդ գրվածքը։ Այդ միտքը կամաց-կամաց այնպես պաշարեց նրան, որ վերջ ի վերջո վեր կացավ անկողնից, լամպը տեղափոխեց գրասեղանի վրա և նստեց, որ գործն սկսի։ Այդ գիշեր մեծ