Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

տանջանքով և անդադար բառարանների նայելով թարգմանեց մոտ երկու երես, մինչև որ նրա սաստիկ լարված միտքը բթացավ և աչքերի կոպերը ծանրացան։ Ժամը երեքն էր, որ ճրագը հանգցրեց և պառկեց քնելու իր կատարած գործից գոհ մարդու խաղաղ երջանկությամբ։ Առավոտյան սովորականից վաղ վեր կացավ և թարգմանությունը շարունակեց։

Գրվածքը վերաբերում էր մահվան և անմահության փիլիսոփայական բացատրության։ Շահյանը կարծում էր, որ իր գործն առաջ է գնում անսպասելի հաջող կերպով. գոնե մի առանձին դժվարություն չէր կրում այն տեղերում, ուր հեղինակն առաջ էր բերում խնդրի էմպիրիկական տեսակետը, որովհետև այդ տեղերում շոպնհաուերյան փիլիսոփայությունը հիմնվում էր ամեն մարդու հասկանալի բնական առօրյա երևույթների վրա. իսկ այն տեղերում, ուր խնդիրը քննվում էր մետաֆիզիկայի, հոգեփոխության, զանազան կրոնների և այլ դժվարամարս տեսակետներից, Շահյանը պարզապես բան չէր հասկանում։

Այսպես, թե այնպես, Շահյանն այժմ հոգու կայտառություն էր զգում։ Առաջին անգամն էր, որ ճաշակում էր սեփական աշխատանքի քաղցրությունը։ Իր անընդունակության գիտակցությունն այլևս չէր հալածում նրան. նա տեսնում էր, որ կարող է գործ կատարել և կատարում էր, և զարմանում էր, թե ինչպես կարողացել էր մինչև այժմ սպանել իր ժամանակը պարապ։

Նա այժմ դուրս էր գնում փողոց բաց ճակատով, անցնում էր մարդկանց առաջով հպարտորեն, անցնում էր առանց շտապելու, որովհետև այժմ ամենևին երկյուղ չուներ, թե մարդիկ նրա դանդաղ քայլերից կարող էին եզրակացնել, թե պարապ է. ինքը համոզված էր, որ գործ է կատարում, իսկ թե մարդիկ ի՛նչ կկարծեին,— այդ նրա հոգը չէր այժմ։ Նա միայն մի բանի մասին էր հոգում, այն է՝ որքան կարելի է շուտ վերջացնել թարգմանությունը և տպագրության տալ։ Գրականության մեջ անուն վաստակելու անմեղ փառասիրությունը պաշարել էր նրա բոլոր ուշքն ու միտքը և սկսնակ գրողներին հատուկ անհամբերություն էր ներշնչել նրան։

Նրա աչքն այժմ նորից քաղցրացել էր հոր և մոր վրա, որոնք, այդ բանից ուրախանալով հանդերձ, զարմացել էին,