Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Այս էջը հաստատված է

Եվ Բազենյանը, ճամպրուկը նորից փոխադրելով աջ ձեռը, վազեց լեհացի կնոջ ետևից։ Վերջինս, տեսնելով, որ նա գալիս է, համր քայլերով ներս մտավ դահլիճ, չափից դուրս հարուստ մազերով ծածկված գլուխը բարձր բռնած։

Շահյանը, երկմիտ ժպիտը դեմքին, հետևեց նրանց և, նստելով դահլիճի հեռավոր անկյուններից մեկում դրված մի առանձնակի սեղանի մոտ, պատվիրեց, որ իր համար թեյ բերեն։

Գրեթե ամբողջ գնացքը փոխադրվել էր դահլիճ։ Ոմանք ձեռաց ուտելու բան էին պահանջել, ոմանք թեյով կամ ուրիշ խմիչքով էին ուզում կենդանություն տալ իրենց թմրած անդամներին։ Կային և նոր ուղևորներ, գլխավորապես ամառանոցներից վերադարձող ընտանիքներ դպրոցական երեխաներով և անհամար մանր-մունր իրեղեններով։

Շահյանից ոչ շատ հեռու, մի բոլորովին առանձնացած սեղանի մոտ, լուսամուտի առաջ, իրար դեմուդեմ նստած էին Բազենյանն ու լեհացի կինը։ Բազենյանը արմունկները սեղանի վրա դրած, ամբողջ մեջքով թեքվել էր դեպի իր ուղեկցուհին և խոսում էր նրա հետ այնպես, կարծես ինչ-որ ծածուկ բան էր պատմում նրան։ Հետո նա վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ բուֆետին, ինչ-որ պատվիրեց այնտեղ,— երևի ուտելու բան,— և նույն արագ քայլերով դուրս գնաց, պլպլացնելով իր փայլուն երկարաճիտ կոշիկները։

Լեհացի կինը մնաց մենակ սեղանի մոտ իր հպարտ իրանով շիփ-շիտակ նստած։

Շահյանն այս անգամ տեսնում էր իր ակնոցի միջից այդ կնոջ դեմքը։ Դա պատկանում էր այն հազվագյուտ կանանց տեսակին, որոնց առողջ մարմնակազմը, լավ խնամվելով, տարեցտարի աճում, փարթամանում է կաղնու ծառի պես, ընդսմին պահպանելով իր շնորհալիությունը։ Չնայելով, որ նրա տարիքը երեսունից անց էր երևում, բայց և այնպես թվում էր, թե նրա մարմինը դեռևս ընդունակ է շքեղորեն զարգանալու։ Նրա չափից դուրս հարուստ մազերը հազիվ էին ծածկվում գլխարկի տակ և իրենց ծանրությամբ կարծես անզոր կերպով ճնշում էին նրա հպարտորեն բարձրացած խոշոր գլուխը։ Ինչպես խոշոր էր գլուխը, այնպես և խոշոր էին աչքերը, որոնց վերևը, սակայն, կարծես հոնքեր