Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Այս էջը հաստատված է

պատմություններ չեմ սիրում լսել։ Հաշտվենք դրության հետ և, որքան էլ ուշ լինի, կաշխատենք մի բան անել, իհարկե։ Առայժմ գիտե՞ք ինչ եմ ուզում ասել։ Դուք գիտեք, որ ես կեղծել և, մանավանդ, կեղծավորել չգիտեմ։ Մեր երկարամյա բարեկամության միջոցին դառն ճշմարտություններ շատ եմ ասել ձեր երեսին, բայց քաղցր ճշմարտություններն էլ իրավունք չունեմ ծածկելու։ Ես ուզում եմ ասել, որ ձեր եռանդն ինձ ուղղակի հիացնում է։ Մեր ներկա երիտասարդների մասին ես չափից դուրս աննպաստ գաղափար ունիմ, որպեսզի ձեր եռանդն ինձ հրճվանք չպատճառի։ Հենց նոր էր, որ օրիորդի հետ (օր. Սահակյանը մատնանիշ արավ Աշխենի վրա) խոսում էինք մեր երիտասարդների մասին։ Օրիորդը պատմում էր իր նոր ծանոթ մի երիտասարդի մասին, որը գործելու տեղ զբաղված է աշխարհի և մարդու ստեղծագործության խորհուրդը քննելով և այն եզրակացության է եկել, թե որովհետև աշխարհս ունայն է և ամեն բանի վախճանը — ոչնչություն, ուստի ոչ եռանդն է բանի պետք, ոչ ձգտումը, ոչ գործը, ոչ իդեալը — ոչինչ, այլ հարկավոր է միայն ուտել, խմել, քնել և... դարձյալ ուտել, խմել, քնել, մինչև որ մի օր ոտները կձգի իբրև մի անպետք անասուն, որի կաշին անգամ չի կարելի քերթել բանի պետք ածելու համար։

— Ո՞վ է այդ երիտասարդը։

— Ես չեմ ճանաչում։ Ազգն ինչպե՞ս ասացիր, Աշխեն։

— Շահյան։

— Շահյա՞ն,— զարմացավ Մինասյանը։— Լևո՞ն Շահյան։

— Կարծեմ Լևոն է,— ասաց Աշխենը։

— Դա խո իմ ընկերն է, իմ հին և ամենալավ ընկերներից մեկը,— բացականչեց Մինասյանը ծիծաղելով։— Այս րոպեիս պատահեցի նրան փողոցում։

— Պարո՛ն Մինասյան, դուք ուզում եք ինձ զայրացնե՞լ։ Ինչպե՞ս չեք ամաչում այդպիսի դատարկ և ծույլ արարածներին ձեր ընկերն անվանելու։

— Իզուր եք զայրանում, օրիորդ, նա իսկապես իմ ընկերն է։ Ես նրան ճանաչում եմ դեռևս աշակերտական նստարանից։ Ճիշտ է, վերջին չորս-հինգ տարին ես նրան չեմ