Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Այս էջը հաստատված է

տեսել և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել, բայց նախկին ծանոթությանս վրա հիմնված կարող եմ ասել, որ նրա պես լավատես մարդ հազիվ թե գտնեք։

— Ուրեմն դու սուտ ես ասել, Աշխեն... պարոնը հերքում է քո ասածները։

— Ամենևին մտքովս էլ չի անցել հերքելու օրիորդի ասածները։ Ասացի խո, որ վերջին չորս-հինգ տարում չեմ տեսել նրան և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել։ Եթե այդպիսի մի փոփոխություն կատարվել է նրա մեջ, ապա ես դրա համար ուրիշ բացատրություն չունեմ, բացի այն, որ նա մի քիչ հիվանդոտ է, մի քիչ ծույլ, գործի էլ անընդունակ, աշխարհից հեռու ապրող, թույլ կամքի տեր, երբեք չի փորձել, թե ինչ է նշանակում քաղցած փոր, բայց վերին աստիճանի բարի, բարեխիղճ ու մտածող և հիվանդության չափ ինքնասեր։ Այդպիսի բնավորության տեր մարդիկ առհասարակ տրամադիր են լինում մելամաղձության և հոռետեսության, և եթե խորը քննենք, կտեսնենք, որ այդ մելամաղձությունն ու հոռետեսությունն արդյունք են լինում ոչ թե այն բանի, որ նրանք կյանքն ունայն են համարում, այլ այն գիտակցության, որ իրենց կյանքն ունայն է անցնում, հակառակ իրենց կամքի և ցանկության։

— Խոսք չկա, դուք լավ փաստաբան կլինիք։

— Փաստաբան լինելու հարկ չկա. պետք է միայն ճանաչել մարդու։ Ինչևիցե։ Այս թողնենք և գանք իմ գործին։

Մինասյանը հայտնեց, թե վարժուհին ինչ առարկաներ պիտի ավանդե, քանի դաս պիտի ունենա և, բնակարան, վառելիք ու լուսավորություն ունենալով հանդերձ, որքան ռոճիկ պիտի ստանա։

Օր. Սահակյանը գտավ, որ ռոճիկը շատ քիչ է, որ այդքան ռոճիկով ոչ մի վարժուհի չի համաձայնիլ գյուղ գնալ։

Մինասյանը պատասխանեց, որ ինքն էլ այդ շատ լավ գիտե, բայց ճար չկա. ժողովուրդը աղքատ է։

— Լավ, վարժուհի՞ն ինչ մեղավոր է,— բացականչեց օր. Սահակյանը։— Վարժուհի որ ուզում եք, այն էլ լավ վարժուհի, հապա ապրուստի միջոց չպիտի՞ տաք։ Ես զարմանում