Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ես թարգմանում։

Այս ասելով, Մինասյանը բաց արեց տետրակի առաջին երեսը և կարդաց.

— «Շոպենհաուերը մահվան և անմահության մասին»: Բո՜, զոռբա բան ես թարգմանում,— ասաց նա և, թերթը շրջելով, կարդաց թարգմանության առաջին տողերը։

— «Մահն է, իսկապես, ոգևորիչ հանճար, փիլիսոփայության մուսան»։ Ի՞նչ։ Բան չհասկացա։ Ռուսերենի՞ց ես թարգմանում։ Տեսնեմ։

Նա բաց արեց բնագիրը և կարդաց.

— «Смерть есть, собственно, вдохновительный гений, муза философии»: Հիմա հասկացա։ Քոնը բառացի թարգմանություն է, դրա համար անճոռնի է դուրս եկել։

Մինասյանը շարունակեց կարդալ Շահյանի թարգմանության հետևյալ տողերը, առանց նկատելու, որ իր ամեն մի նկատողությունը այլայլում է ընկերոջը։

— «Չլիներ մահը, դժվար թե կարելի լիներ մինչև անգամ փիլիսոփայություն անել»։ Խոր և խելացի միտք։ Մինչև անգամ կարելի էր ասել, որ եթե մարդը մահկանացու չլիներ, հազիվ թե նա ընդունակ լիներ նույնիսկ մտածելու... Հա՛, լավ հիշեցի։ Ինչպես երևում է, դու չես բավականանում այս մեծ հոռետեսի թարգմանությամբ միայն, այլև բերանացի քարոզում ես սրա մտքերը։

— Քարոզո՞ւմ,— զարմացավ Շահյանը։— Որտե՞ղ եմ քարոզել:

— Օր. Սահակյան կա, նա էր ասում։

— Օր. Սահակյա՞ն...

— Դա այն վարժուհին է, որի մոտ գնացի երեկ երեկո, քեզանից բաժանվելուց հետո։ Նրա մոտ մի ուրիշ օրիորդ կար. նրան ես ուզել քարոզել։

Շահյանը զգաց, որ կարմրում է, և իսկույն գլխի ընկավ, որ այդ ուրիշ օրիորդը կամ Եվան պիտի լիներ, կամ Աշխենը, բայց հարկ համարեց այնպես ցույց տալ, թե այդ բանից ամենևին տեղեկություն չունի։

— Ի՞նչ օրիորդ,— հարցրեց նա։

— Ազգը չեմ հիշում. բայց անունը, կարծեմ, Աշխեն է։