Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

— Բայց ոչ այնպես, ինչպես այժմ։ Այնպե՛ս կարոտել եմ, այնպե՜ս կարոտել... Զարմանալի է. կարծես երբե՛ք այնպես չեմ սիրել նրան, ինչպես այժմ, այս րոպեիս։ Պատկերը ձեռքիս էր. նայեցի, նայեցի և... լաց եղա,— ինքս էլ չգիտեմ ինչու։ Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ։ Այս ի՞նչ նախազգացում է, չեմ հասկանում... Ո՛ւֆ, պետք է նամակ գրեմ, որ գա։ Դու էլ գրիր։ Դու էլ խո սիրում ես նրան։

Աշխենը վեր կացավ և պինդ փակեց լուսամուտի վատ փակած փեղկը, որ քամին շարժում էր։

— Հետո գո՞րծը,— հարցրեց նա, նստելով Եվայից հեռու,— մի ուրիշ աթոռի վրա, այնպես, որ նրա դեմքը լույսի հակառակ կողմն էր։

— Ա՛խ, ա՛յդ է, որ ինձ հուսահատեցնում է,— բացականչեց Եվան։— Ես գիտեմ, որ ա՛յն գործը, որի համար գնացել է նա, ավելի է սիրում, քան թե ինձ, քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին... Հիշո՞ւմ ես, ինչպե՛ս ոգևորված խոսում էր նա այդ մասին...

— Եվ մի՞թե դրա համար դատապարտում ես նրան։

— Ա՜խ, ո՞վ է ասում,— նեղսրտությամբ արտասանեց Եվան։— Ես այս ասում եմ, որովհետև կարոտել եմ նրան, սաստի՜կ կարոտել, հասկանո՞ւմ ես թե ոչ։ Երևակայիր, որ նա այնտեղ մենակ է, բոլորովին մենակ. ո՛չ մի, ո՛չ մի սրտակից չունի մոտը։ Չէ՞ որ հազար ու մի ձախորդություններ կան, հիվանդություն կա... Վերջապես, այնտեղ, ինչպես երևում է, ծանր խառնակություններ են տիրում... Մի՞թե այս բոլորի մասին կարող եմ հանգիստ մտածել։

Աշխենը, ինքն էլ չիմացավ թե ինչպես, վեր կացավ, մոտեցավ նրան, պինդ գրկեց նրա գլուխը և քիչ մնաց, որ լաց լինի։ Նա անհուն սիրով ու քնքշորեն համբուրեց Եվայի շրթունքները և նորից նստեց իր առաջվա տեղը, Եվայի մոտ։

— Երբե՛ք երբե՛ք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես այս րոպեիս,— կամաց, շատ կամաց արտասանեց նա, առնելով Եվայի ձեռքերը և պահելով իր ձեռքերի մեջ։— Չես կարող երևակայել, թե որքա՛ն զգացված եմ այս րոպեիս, որ եղբորդ համար այդպես հոգում, այդքան մտածում ես։ Հոգա՛, մտածի՛ր, սիրելիս, որովհետև եղբայրդ այնքա՛ն... անգին եղբայր է, որպիսին... ոչ ո՛ք չունի։ Ինքս հոգովս չափ...