Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Այս էջը հաստատված է

Ճշմարիտ է, հեռագրերն այնքան էլ խաղաղ չեն ներկայացնում այնտեղի դրությունը, բայց... ոչ մի լուրջ առիթ չկա երկյուղ կրելու... Վերջապես, մի՞թե պիտի հուսահատվենք և մեզ հետ նրան էլ հուսահատեցնենք։ Ինչի՞ նման կլինի այդ։ Եվ այդ ա՛յն ժամանակ, երբ դեռ ոչինչ չի արված իսկապես, երբ գործը նոր է սկսվում... Այդ վախկոտություն և հանցանք կլինի մեր կողմից, մեծ հանցանք, աններելի հանցանք... Ընդհակառակը, սիրտ պետք է տալ նրան, պետք է խրախուսել, ամեն կերպ խրախուսել: Եվ այդ պարտքն ամենից առաջ մեզ վրա է ընկնում։ Մենք հպարտանում ենք, որ նրա պես մի եղբայր ունինք։ Ինչու այնպես չանենք, որ նա էլ մեզնով հպարտանա։ Լինինք նրան արժանավոր քույրեր, և այդ էլ բավական է, որ նա սիրտ առնի, ոգևորվի։

Աշխենը խոսում էր կարծես ինքն իր հետ, և նրա ձայնի մեջ լսվում էր ինչ-որ արտասովոր ջղայնոտություն։ Թեթև քայլերով նա անցուդարձ էր անում սենյակում և ամենևին չէր նայում Եվային։

Եվան աչքերով հետևում էր նրան սենյակի մի անկյունից մյուսը՝ զարմացած։

— Մի՞թե մենք նրա արժանավոր քույրերը չենք,— հարցրեց նա։

— Ո՛չ, մենք արժանի չենք նրա քույրը կոչվելու։ Ինչո՞վ ենք արժանի։ Նրանո՞վ, որ նստած ենք անգործ. նրանո՞վ, որ պարազիտի դեր ենք կատարում, ուտում, պճնվում, պարում, զբոսնում ու սպասում, թե ե՞րբ պետք է գա մեկը, որ մեզ հավանի ծախու ձիու պես և մեր սանձից բռնած՝ տանի իր ախոռում կապելու։ Սրանո՞վ արդյոք, այս ամոթալի՞ կյանքով... Իսկ նա այնտեղ անձնական ամեն հանգստություն, ամեն վայելք մոռացած, իր հարազատներից, իր սիրելիներից կտրված, ձգել է իրեն կյանքի ահարկու հորձանքի մեջ, ապրում է ո՞վ գիտե ի՛նչ պայմաններում, լուսացնում է ո՞վ գիտե որ ձորում, որ անտառում, օտար երկնքի տակ, ահը միշտ սրտում, մահը միշտ աչքի առաջ, բայց արհամարհելով այդ ահն էլ, այդ մահն միշտ էլ...

Աշխենի ջղայնոտությունը սաստկացել էր։ Նա խոսում էր զսպված, բայց խոսքերը նրա բերանից դուրս էին թռչում