Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Այս էջը հաստատված է

հատկապես հրավիրել էր) և ոչ ուրիշ կերպ արտահայտեցի համակրանքս։ Ինձ համար վիրավորական է, որ ես պետք է կատարեմ մի գործողություն, որ կապիկների պես ամենքն են կատարում, և որի կեղծիքը թե կատարողի և թե ընդունողի համար պարզ է։

Մյուս երկու գրքերը ժամանակին հասցրի մեկը տեր Արսենին, մյուսը Ագապյանին և դրանց հայկական քաղաքավարության մասին ոչինչ չեմ կարող ասել։ Սակայն, տեր Արսենին այդ օրերն այցելեցի. հիվանդ էր (ծաղիկ էր ընկել) և ցավ հայտնեց, որ չի կարողացել շնորհակալական գիր գրել։ Իսկ Ագապյանի իզն ու թոզը չի երևում. գյուղումն է։

Քո Միքայել.

Սարսափելի շոգեր են. հոգնած էշ եմ դարձել անդադար աշխատելով, բայց Թիֆլիսից շարժվել չեմ կարող. ոչ փող կա, ոչ մարդ որ տեղս բռնի։


1900
37. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1900. հուլիսի 4. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Այս նամակը պետք է գրեի Նիկողայոս Խաչատրյանին, բայց ավելի լավ համարեցի քեզ գրել, որպեսզի դու և Խաչատրյանը միասին թերևս, ո՞վ գիտե, կարողանաք մի ճար անել։ Բանն այն է, որ, մինչդեռ դուք այդտեղ մտածում եք, թե ով պետք է լինի «Նոր-Դարի» խմբագիրը, որպեսզի Սպանդարյանը հեռանա հանգստանալու,— տպարանատեր Մելիք-Շահնազարյանը, այդ սատկած ոջիլը, «исполнительный лист»-ը ձեռքին, դատական պրիստավի հետ մտնում է խմբագրատուն և վեր է գրում բոլոր իրեղենները. այսպիսով վեր գրեցին այն սեղանը, որի վրա ես աշխատում եմ, այն աթոռը, որի վրա ես նստած եմ, և Սպանդարյանի բնակարանի բոլոր իրեղենները, որոնց թվում և տասնամյակի առթիվ