Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/135

Այս էջը հաստատված է

ստացած նվերները։ Այդ բոլորն աճուրդի կհանվեն այս օրերս։ Բայց բանն այդ իրեղենների մեջ չէ. բանն այն է, որ վեր է գրված նաև «Նոր-Դարի» հրատարակության իրավունքը և գնահատված է 1000 (հազար) ռուբլի, որպիսի գնով և աճուրդի պիտի հանվի։ Սակայն թերթի հրատարակության իրավունքի վաճառումն աճուրդով մեծ հարց է և որոշ օրենքի հիման վրա այդ բանը գլուխ չի գալ, այնպես որ կմնա միայն իրեղենները ծախել։ Սպանդարյանի պարտքի գործ դատական պալատում հոգուտ Շահնազարյանի էր վճռվել այս տարվա ապրիլ ամսին, երբ Սպանդարյանը Բաքվումն էր, և յուր փաստաբանը նրան ոչինչ չէր հայտնել, մինչդեռ Սպանդարյանն ասում է, որ ինքը փաստաթղթեր ունի Շահնազարյանից առած, որոնք գործի մեջ ամենևին չեն մտել և որոնք պիտի հաստատեին, որ Շահնազարյանն իրենից պահանջելիք չունի։ Պետք է իմանաս, որ դատը սկսելուց առաջ այդ սատկած ոջիլը գողացել է պայմանագիրը և դատարանում ասել, որ իրենց մեջ միայն բերանացի պայման է եղել, մինչդեռ Սպանդարյանն ասում է, որ յուր ձեռքում ունեցած փաստաթղթերի մեջ (Շահնազարյանի տված ձեռացագրերի մեջ) պարզ հիշված է, որ իրենց մեջ գրավոր պայման կա։ Գործը պետք է գնա սենատ. բայց մինչև այդ՝ Շահնազարյանն յուրն է անում, նա պատրաստվում է «Кавказ»-ի մեջ հայտարարություն տպելու, թե այս ինչ օրը պարտքի փոխարեն աճուրդի են հանվում «Նոր-Դարի» հրատարակության իրավունքն ու խմբագրության իրերը։ Հարկավ, փողով միայն կարելի է այդ անհամ դրությունից ազատվել, հարկավոր է առնվազն 2000 ռ., որի համար Սպանդարյանն ասում է, որ պատրաստ է մուրհակ տալ, թերթը գրավ դնել։

Սպանդարյանի հանձնարարությամբ գրեցի այս նամակը, հիմա դուք գիտեք։

Քո Մ. Հովհաննիսյան.