Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/149

Այս էջը հաստատված է

առաջ «Տանտիրոջս աղջիկը» հրատարակել — դրա համար ոչ մի դժվարություն չկա. թերթի այդ համարներն ունիմ և կարող եմ իսկույն ներկայացնել գրաքննիչին։

Նար-Դոս


50. Պ. Պ. ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻՆ, ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1902. հուլիսի 14. Թիֆլիս.

Հարգո պարոններ

Խնդրում եմ ներեցեք, որ Ձեր հուլիս 2 թվակիր նամակին, հանգամանքներից ստիպված, մի քիչ ուշ եմ պատասխանում։ Դուք պայման եք դնում, որ գրքույկս երեք տպագրական թերթից ավելի չլինի։ Դժբախտաբար, այդ պայմանին հարմարվել չեմ կարող։ Բանն այն է, որ ես վաղուց մտադիր էի այն բոլոր պատկերներս, որ ես առել եմ ժողովրրդի ստորին խավի կյանքից, հրատարակել առանձին գրքույկով մի ընդհանուր վերնագրի տակ. այդ պատկերներն այնքան շատ չեն, որ առանձին-առանձին գրքերի նյութ կազմեն, բայց և այնքան քիչ չեն, որ սահմանափակվեն միմիայն երեք տպագրական թերթով։ Ասեմ ուղղակի, որ եթե իմ ասած պատկերներն ամփոփենք մի գրքույկի մեջ, կբռնեն ընդամենը 4—5 տպագրական թերթ։ Որպեսզի Ձեզ համար պարզ լինի գրքույկիս ծավալը, կասեմ, որ դա մի քիչ ստվար կլինի «Սպանված աղավնուց», որը բաղկացած է մոտավորապես 4 տպագրական թերթից։ Եթե Ձեր նյութական միջոցները չեն ներում առայժմ 4—5 տպագրական թերթի ծախքն անելու, ապա խնդրում եմ, ուրիշ բան հրատարակեցեք, մանավանդ, որ, ինչպես առաջին նամակումն էլ գրել եմ Զեզ, այդ պատկերները ես չունիմ ձեռքիս տակ և ստիպված եմ արտագրել խմբագրատան մեջ եղած տարեկան գրքերից, որի համար որոշ ժամանակ է հարկավոր, իսկ դրանով գործը բավական կուշանա։ Ընդսմին կրկնում եմ այն, ինչ որ առաջին նամակումս գրել եմ Ձեզ. եթե ուզում եք հրատարակեցեք առաջ «Տանտիրոջս աղջիկը», որը հազիվ թե 3