Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

չկա մարդուն օգնության հասնելու և այդ բանը պետք է անես դու, պետք է նամակս ստանալուդ պես աշխատես, որ այդտեղից որոշված օգնությունն ուղարկվի անհապաղ։ Ես նրան գրեցի, որ այս մասին պիտի գրեմ քեզ և ահավասիկ գրում եմ։ Այժմ դու գիտես։ Նրա աչքը Նոր Նախիջևանի ճամփին կլինի։

Թերթի վիճակը դեռ չի որոշված. հարկավոր թղթերը ցարդ մնում են տեղումս կառավարչապետի դիվանատանը. իմացա, որ Պետերբուրգ են ուղարկվելու այս օրերս։ Նորից հրատարակելու պայմանաժամից մնում է ընդամենը ամիսուկես. եթե մինչև դեկտեմբերի 6-ը թերթը լույս չտեսավ, կնշանակի խափանված է առմիշտ։ Եվ եթե, աստված մի արասցե, այդպիսի բան պատահի, մեղավորն ինքը Սպանդարյանը, կլինի, որովհետև գործին ձեռնարկեց շատ ուշ։ Անցյալ անգամ քեզ չգրեցի, բայց այժմ գրում եմ, որ խմբագիր եմ առաջարկված, հակառակ իմ ցանկության... ես և իմ անձնավորության մասին այստեղից (կառավարչապետի դիվանատնից) գնալիք թղթերից է կախված թերթի վիճակը։ Համենայն դեպս, մինչև այս ամսի վերջն ամեն բան կորոշվի։

Մինասը խոսեց ինձ հետ մանր պատկերներս հրատարակելու մասին, ասացի, ինչ որ գրել էի քեզ, այսինքն՝ որ այդ պատկերները չունիմ ձեռքիս տակ, որ դրանց հավաքելու և կարգավորելու համար շատ ժամանակ կհարկավորվի, և բանը դրանով էլ վերջացավ, յուր դրամական օգնության խնդիրը «Մեծ գործի սկզբում» վեպիս տպագրության համար մնաց առկախ։ Այդ վեպը շուտով հետ կստանամ գրաքննիչից և իսկույն տպագրության կտամ, ինչ էլ որ լինի։ Նորից ծառայում եմ «Տարազ-Աղբյուրի» խմբագրատանը, մինչև որ «Նոր-Դարի» վիճակը որոշվի։ Ինչո՞ւ ես լռել։

Ողջույններ. Քո Նար-Դոս