Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/164

Այս էջը հաստատված է

որոնց ես արժանացել եմ նրա համար միայն, որ չունենալով վառ երևակայություն և ամեն բանում վատը տեսնելու ընդունակություն, զիջել եմ Գրիգորյանի պահանջին և հայտարարության մեջ գրել եմ, որ առայժմ դիմեն պոստով Գրիգորյանի հասցեին, մինչև որ Խմբագրատուն հաստատվի: Պ. Սպանդարյանը գրում է ինձ — «Ես այնքան նեղացել և շփոթվել եմ, որ չեմ կարող ասել»։ Նույն բառերն այժմ ես պիտի կրկնեմ այնքան ծանր մեղադրանքներից հետո։ Թերթի գործն այսքան ժամանակ պտտվեց, պտտվեց և վերջը կուժն ու կուլեն իմ գլխին կոտրվեց... Օլգա Սիմեոնովնա, ես պիտի հայտնեմ ձեզ այն պատճառները, որոնք դրդել են ինձ հայտարարության մեջ գրելու փոխանակ ուղղակի «Նոր-Դարի» հասցեն՝ Գրիգորյանի հասցեն, նախ՝ այն, որ, ինչպես նախորդ նամակումս էլ գրել եմ և ինչպես այս նամակի վերևն էլ գրեցի, Գրիգորյանն ինքը պահանջեց, որ փողերն իր ձեռքում հավաքվեն, քանի որ ծախսերն ինքն է անելու, և ես վախեցա, որ եթե չհամաձայնեմ, հայտարարության տպագրության և տարածելու ծախսերից կհրաժարվի, իսկ ես այդ բանն անել իմ սեփական միջոցներով չէի կարող, որովհետև «Տարազի» խմբագրությունից իմ ստացած ռոճիկը հազիվ բավականանում է իմ առօրյա պետքերին։ Այդ մեկ։ Երկրորդ՝ Գրիգորյանի, այլ ոչ թե ուղղակի «Նոր-Դարի» հասցեն գրելով, ես ամենևին մտքովս անգամ չեմ անցրել, թե որևէ մեկը Մոսկվայում պ. Սպանդարյանին կհարցնի հայտարարությունը կարդալուց հետո, թե մի՞թե թերթը ծախել է և ո՞ւմ վրա է ծախել, և պ. Սպանդարյանն էլ նրա տոնից կնկատե, որ նա չի հավատում, թե թերթը յուր, պ. Սպանդարյանի, սեփա...

<Նար-Դոս>