Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/183

Այս էջը հաստատված է

Ցուրտ է, սարսափելի ցուրտ — առայժմ 20°, բայց ասում են, որ 30°-ի էլ է հասնում այստեղի սառնամանիքը: Մազե գդակ և բաշլուղ եմ ծածկում, այլապես ականջ ու քիթ պետք է, որ դիմանա այս դաժան ցրտին։ Տանը պատի երկու վառարան է վառվում, իսկ խմբագրատանը երեքը, այնպես որ այդ կողմից գանգատվելու ոչինչ չունիմ։ Իմ հասցեն՝ Нахичевань на Дону, редакция «Мер Дзайн», Нар-Досу, ինչպես որ գրում ես արդեն։ Կեցցես, որ առանց իմ գրելու էլ հասկացել ես։ Նինին առանձին. բարև տաս՝ մի երկու տող էլ որ դու գրես, ի՞նչ կլինի։

<Նար-Դոս>


1908

83. ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1908. հունվարի 6. Նոր Նախիջևան.

Ձալո ջան.

3-ին նամակ ուղարկեցի Նինի հասցեին, մի նամակ էլ մեջն էր Օլին հանձնելու. հույս ունիմ ստացել եք։ Այս նամակս գրում եմ մի բան խնդրելու համար. եթե պիեսս հունվարի 7-ին խաղացած լինին, հունվարի 9-ին կամ 10-ին ռեցենզիաներ կլինին մեր լրագրների մեջ. ահա լրագրների այդ օրվա համարները առ և ղրկիր ինձ. բացի «Մշակից», ղրկիր բոլոր լրագրները, այսինքն՝ «Վտակ», «Անկախ մամուլ», «Тифл. листок», «Закавказье»:

«Մշակը» մենք ստանում ենք։ Թեև «Վտակն» ու «Անկախ մամուլն» էլ էինք ստանում, բայց հունվարի 1-ից, ինչպես երևում է, դադարեցրել են մեզ ուղարկել, որովհետև «Մշակի» հունվարի 1-ի համարը ստացանք, իսկ հիշյալ երկու լրագիրներինը՝ ոչ։ Ավելի լավ կանես, եթե գնաս Տիգրան Նազարյանին իմ կողմից խնդրես, որ պիեսիս ռեցենզիաները պարունակող լրագրների համարները ղրկի ինձ, նա բոլոր թերթերը ստանում է։ Դե կարող ես, էլի, երևակայել, թե ինչպիսի անհամբերությամբ սպասում եմ։ Եթե այս անտեր