Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է


Բայց ինչո՞ւ այդպես շուտ հիանում ես
Դու այդ դիմածածկ գիշերի գեղով,
Ինչո՞ւ դու այդպես շուտ հավատում ես,
Որ ամեն ինչ է շուրջդ անխռով։

Հապա մոտեցիր այս ցած խրճթին,
Եվ դուռը կամաց բացիր, մտիր ներս.
Ի՞նչ կըերևա այնտեղ քո աչքին,
Եվ ինչե՞ր արդյոք այնտեղ կըլսես։ —

Այնտեղ կըլսես դու հառաչանքներ,
Դառը արցունքի կըտեսնես հեղեղ:
Երկիրն հանգչում է, բայց խիստ վիշտը դեռ
Այս ժամուն անգամ տիրում է այստեղ։

Եվ երբե՛ք այնպես ազդու, կենդանի
Ինչպես այսպիսի խաղաղ գիշերին,
Թշվառությանը ոչոք չի տեսնի,
Կամ չի զարկի նա ոչոքի անգճին...

Ի՞նչ ես հավատում դու բնությանը,—
Նա կեղծավոր է, անսիրտ, անզգա,
Նրա ի՞նչ հոգն է, թե խեղճի ձայնը
Խեղդում է յուր դառ արցունքն անխնա...

20 հունվ. 1886.


ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Փայլուն արցունքով աչքերը լեցուն
Նիհար, մերկանդամ մի ծեր մուրացկան
Պարզեց հարուստին ձեռքը դողդոջուն։
Եվ դիրք բռնելով խիստ աղաչական,
Շշնջաց տխուր ձայնով կցկտուր.
«Աղա, թշվառիս ողորմություն տուր»

Չռեց աչքերը իսկույն հարուստը.
— Կորի՛ր այստեղից, անպիտան ծերուկ,