Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Այս էջը հաստատված է


ՄԱՆՈՒԿ

Սիրուն մանուկը ուրախ ու զվարթ
Վազեց, վազվզեց, այս-այն կողմն ընկավ
Եվ երբ հոգնեցավ, անվիշտ ու անդարդ
Հանգստյան ժամուն քաղցր նինջ մտավ։

Եվ որպես աստղ ժպիտը պայծառ
Նրա դեմքի վերա խաղում էր մեղմիկ։
Եվ ոչինչ երազ սոսկալի և չար
Բնավ չէր խանգարում նրա նինջը քաղցրիկ։

Ո՜հ, մանո՛ւկ, մանո՛ւկ, որքա՜ն սիրուն ես,
Ո՜րպես խաղաղ է, կայտառ է հոգիդ,
Եվ որպե՜ս անուշ դու բարբառում ես
Տեսիլների հետ քաղցր երազիդ։

Բայց, ավա՜ղ, մանուկ, կըգա ժամանակ,
Երբ անհոգ կյանքդ թույնի կըփոխվի,
Եվ մանկությանդ դառը հիշատակ
Կըմնա սրտումդ և քեզ կըմաշի...

Եվ դեմքիդ վերա քաղցր ժպտի տեղ
Վիշտն ու հոգսերը կնիք կըդնեն,
Եվ գիշերները երազներ ահեղ
Կարճատև քունդ միշտ կըվրդովեն...

Սակայն տե՛ս, մանուկ, տրտունջ չի հանես,
Այդ է քո ճամփան փշոտ ու խոպան,
Այլ գնա՛ խրոխտ, գնա՛՜ աներես,
Թող հավատն ու հույսը քեզնից չհեռանան։