Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/214

Այս էջը հաստատված է

սենյակում։ Ես նրանց տեսել եմ, օրինակ, մի հանրակացարանում Մեյդանի ս. Գևորգ եկեղեցու բակում։ Դա մի ընդարձակ սենյակ էր մութ ու խոնավ, եկեղեցու ետևը, արտաքնոցի մոտ. կողքին հավաբուն էր, ուր հավ ծախողները հավեր էին պահում։ Մահճակալ, աթոռ և սեղան ասած բաները գոյություն չունեին այնտեղ, նրանց անկողին ասված չուլուփալասները փռված էին մերկ հատակին, ուր նրանք հանգստանում էին գիշերները, որպեսզի առավոտյան գնան դպրոց կես օր ուսանելու և կես օր արհեստանոցում աշխատելու համար։ Ծատուրյանն էլ նրանց մեջ էր։

Այնուհետև ես նրանց տեսել եմ Սերեբրյաննայա փողոցում, մի մեծ ու լուսավոր սենյակում, ուր նրանք քիչ թե շատ մարդավայել կյանք էին վարում։ Այստեղ մի ժամանակ նրանց այցելում էր մի ուսանող, եթե չեմ սխալվում, Ադամյան ազգանունով, որը, կարծեմ, նարոդնիկական պրոպագանդ էր անում։ Նա մեզ տվավ կարդալու Նալբանդյանի «Երկրագործությունը», որ այն ժամանակվա արգելված գրքերից մեկն էր։ Նույն գիրքը նա մեզ պատվիրեց արտագրել խրոմոլիտոգրաֆիայով տպագրելու համար. արտագրությունը հանձն առանք ես և Ծատուրյանը, որովհետև մեր գիրը լավ էր. գրքի կեսը արտագրեցի քիմիական թանաքով ես, կեսը՝ Ծատուրյանը։ Խրոմոլիտոգրաֆիայով տպագրված այդ գիրքը, երևի, հիմա էլ կգտնվի շատերի մոտ. իմ ունեցած օրինակը ես այրեցի հետագայում, վախենալով խուզարկությունից։

Դպրոցական այս շրջանից հետո Ծատուրյանը մեկնեց Ն. Նովգորոդ, ուր պաշտոն ստացավ Տիգրան Նազարյանի միջոցով Տեր-Հակոբյանների մոտ։ Դրանից հետո նա կարճ ժամանակով վերադարձավ Թիֆլիս և նորից գնաց այս անգամ, կարծեմ, ուղղակի Մոսկվա, ուր և մնաց ու մնաց և մնում է ցարդ։

Չգիտեմ, կարողացա՞ բավարարություն տալ Ձեր հարցասիրությանը, բայց դժբախտաբար հիշողությանս մեջ մնացել է միայն այսքանը և շատ բան անշուշտ մոռացել եմ, բացի մի քանի հանգամանքներից, որոնք արդեն շատ ինտիմ բնույթ ունին...

Ընդունեցեք հարգանքիս հավաստիքը։
Նար-Դոս