Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/215

Այս էջը հաստատված է

1917

111. ՕԼԳԱ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ

1917. նոյեմբերի 25. Թիֆլիս․

Շատ հարգելի տիկին Մայսուրյան.[1]

Ձեր նամակը ստացա։ Պատիվ չունենալով ծանոթ լինելու օր. Եզոյանին, ես վստահում եմ միայն Ձեզ և Ձեր միջոցով թույլ եմ տալիս օրիորդին «Պայքար» վեպս պիեսի վերածելու։

Պիեսի բեմադրության դեպքում հարկավ ես կստանամ հեղինակին հասանելիք հոնորարը, որի չափը Ձեզ եմ թողնում որոշելու և օրիորդի հետ համաձայնության գալու։

Ներողություն խնդրելով Ձեր նամակին մի քիչ ուշ պատասխանելու համար, խնդրում եմ, շատ հարգելի տիկին, ընդունեք խորին հարգանքիս հավաստիքը և շնորհակալությունս Ձեր սիրալիր միջնորդության համար։

Ձեր խ. ծ. Նար-Դոս


1918

112. ՀԱԿՈԲ ԲՈՂԴԱՆՅԱՆԻՆ

1918. հոկտեմբերի 19.

Բողդան ջան.

Գրում եմ երկար վարանումից հետո, որովհետև կյանքումս դեռ երբեք ոչ ոքի չեմ դիմել։ Դրությունս նեղ է. հացի խնդիրը գիշեր-ցերեկ հանգիստ չի տալիս ինձ։ Ստացածս ռոճիկը լոկ ցամաք հացի գին է։ Պետք է մի քիչ փող տաս ինձ։ Այդ բանը ես կհամարեմ, Բողդան ջան, ոչ թե հին պարտքի հատուցում, այլ եղբայրական օգնություն, որի համար շատ շնորհակալ կլինիմ։

Քո Նար-Դոս
  1. Մայսուրյան (Փուղինյան) Օլգա.— 1871—1931, հայտնի դերասանուհի։ Նար-Դոսին ուղղած իր նամակում հայտնում է, որ օրիորդ Եղոյանը (հետագայում պրոֆ. Առաքել Առաքելյանի կինը) հանձն է առնում «Պայքար» վեպը դրամայի վերածել և ցանկանում է իմանալ հեղինակի կարծիքը և պայմանները՝ խաղալու դեպքում։