Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է
1919
113. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
1919. փետրվարի 20.

Շատ սիրելի Հովհաննես

Սրտով կուզեի այսօր անձամբ գալ քեզ մոտ շնորհավորելու համար թանկագին հիսնամյակդ, բայց անիծյալ հանգամանքները, որոնց ձեռքին ես միշտ գերի եմ եղել ու կամ, դժբախտաբար զրկում են ինձ այդ հնարավորությունից։ Ուստի խնդրում եմ նամակովս ընդունիր իմ ջերմաջերմ բարեմաղթություններս ու համբույրս մեր սիրասուն գրականության այս հազվադեպ ուրախառիթ օրը։

Քո Նար-Դոս


1925
114. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1925. հունվարի 18. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս.

Նամակդ իր ժամանակին ստացել եմ։ Միլիոն և բիլիոն անգամ ներողություն եմ խնդրում, որ այսքան ուշ եմ պատասխանում։ Բանն այն է, որ ինձ շատ շտապ գործ էին հանձնել, պետք է, բացի «Մարտակոչի» ամենօրյա սրբագրությունից, որ ինձնից խլում է օրական 6—7 ժամ, սրբագրեի (և հետևեի տպագրությանը) երկու գիրք — «Հունվարի 9-ը» և «Լենինի ժամը դպրոցում» (ընդսմին այս վերջինիս մի մասի թարգմանությունն էլ ինձ էին տվել)։ Այս ահագին աշխատանքի տակից հազիվ հազ կարողացա դուրս պրծնել միայն երեկ և մի փոքր շունչ առա։ Ամեն օր առավոտյան ժամը 9-ին գնում էի տպարան և երեկոյան 9-ին տուն գալիս միանգամայն շշմած դրության մեջ և դեռ գիշերներն էլ մինչև ժամը 12-ը — 1-ը սրբագրում, որովհետև երկու գիրքն էլ (ամեն մեկը 9 մամուլ) պետք է լույս տեսնեին մինչև