Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է


Զի Հայրենիքդ իսպառ մոռացած`
Անձիդ կրքերիդ ես դու նվիրված։
Ո՜հ, Հայրենի՜քդ — քո սուրբ օրորան...
Տո՜ւր ազատություն, ծաղկեցրո՛ւ նորան,
Ապա այնուհետ՝ իրավունք ունես
Կանչիլ, պարծենալ, որ երջանիկ ես:

18 փետր. 1886.



ՄԱՅՐԸ ԻՐ ՄԵՐՁ Ի ՄԱՀ ՈՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Ո՜հ, ես ընկած եմ քո առաջ, ո՜վ Սուրբ Տիրամայր,
Ընկած եմ և իմ աչքերս, ո՛վ քաղցրիկ մեծ մայր,
Դեպ քեզ են ուղղված հուսահատ և արտասվաթոր
Դու գիտես, թե ինչ եմ ես այսպես սրտատոչոր
Աղերսում քեզ։ Դու տեսնում ես իմ վիշտը անհուն.
Ո՛հ, երբե՛ք, երբե՛ք կարող չէ իմ տկար լեզուն
Արտահայտել քեզ, թե ո՛րպես այրվում է այստեղ,
Ո՛հ, ահա այստեղ կուրծքիս մեջ... թե ո՛րքան ահեղ
Գիշերներ անքուն անցրել եմ ես արտասվելով,
Արտասվելով դառ, հուսահատ և աղոթելով...
Ո՜հ, դո՛ւ, որ նույնպես, ինչպես ես, խիստ և անհամար
Տանջանք ես կրել, վշտել ես քո Որդուդ համար,
Դո՛ւ, որ նույնպես սուրբ մայրական սեր ես ունեցել,
Որ նույնպես անվերջ դառնագին արցունք ես թափել,
Ո՛հ, լսի՛ր, գթա՛ ինձ — մորս անբախտ ու թշվառ,
Ըսփոփի՛ր սիրտս, ամրացրու ուժերս տկար.
Բարեխոս եղիր Նորան — քո Որդուդ միածին,
Որ չըզրկե նա ինձ իմ զավակիցս անգին։

24 փետր. 1886.