Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/233

Այս էջը հաստատված է

Թիֆլիս բերելու։ Նա խոստացավ գյուղ գնալուն պես ուղարկել իմ հասցեին, բայց մինչև օրս ոչինչ չեմ ստացել։

Հոբելյանս[1] տոնում են հակառակ իմ կամքին, և ես չեմ իմանում, թե ինչպես պիտի դուրս գամ այս խայտառակությունից։ Նշանակված է եկող կիրակի մայիսի 24-ին։

Ինչ որ հուսահատական կցկտուր խոսքեր ես գրում, էլ «տունը քանդելու խնդիր», էլ «մեզ վտարելու գործ», էլ «ճանապարհորդություն ի վերին Երուսաղեմ», էլ «անիծած օրեր», էլ «անիծված իմ կյանք», «էլ հալածանքներ»... Ես քեզ չեմ հասկանում։ Բանը ինչումն է։ Համենայն դեպս այդ քեզ չի սազում:

Երևի Արազին ասած կլինի քեզ, որ Հասմիկն արդեն ընդունված է Զիմի-ում և ահա մի ամիս է, որ հաճախում է կուրսերը։ Շնորհակալություն քո ջանքերի համար։

Չգիտեմ, գիտես թե ոչ, Մոսկվայում արդեն լույս է տեսել իմ «Մահի» ռուսերենը ГИЗ-ի հրատարակությամբ։ Ափսոս միայն, որ համարյա կիսով չափ կրճատված է։

Տեղիս վրաց Պետհրատը հոբելյանիս առթիվ հրատարակելու է վրացերեն «Սպանված աղավնին» և «Մեր թաղը»։ Վրաց թերթերի մեջ հրատարակվելու են նաև մի քանի պատմվածքներ։ Եթե նյութական անիծված կարիքը չլիներ, ես ոչ մի պայմանով չէի համաձայնիլ, որ հոբելյան կոչված միմոսությունը սարքեին։

Բարևներս հիշիր մեր հին բարեկամ Ալ. Աբելյանին։

Քո Նար-Դոս

Նամակս գրել վերջացրել էի և տանում էի, որ փոստը գցեմ, երբ Ճուղուրյանից ստացա նամակդ, «Մինոնը» և գրքերը։ Մարգարի գրքերը իրեն հանձնեցի։ Գյուղավեպը կկարդամ, բայց ոչ շուտ, առայժմ շտապ գործեր ունեմ և, բացի այդ, ինձ շատ են զբաղեցնում հոբելյանիս գործով, մինչև պաշտոնական հոբելյանը դպրոցներում գրական խմբակների հավաքույթներ են կազմում և ուզում են, որ անպատճառ ներկա լինեմ։ Մի տեսակ փոքրիկ հոբելյանական հանդեսներ — շատ սրտագրավ։ Մինչև այժմ ես բնավ չէի կարծում, թե գրվածքներս այդքան սիրելի կլինեն աշակերտության

  1. Նար-Դոսի գրական գործունեության 45-ամյա հոբելյանը տոնվել է 1931 թ. հուլիսի 14-ին, Թիֆլիսում։ Նար-Դոսի անունով են կոչել Ախալքալակի շրջանի Այաստան գյուղի դպրոցը։