Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

համար: Սա մի կատարյալ հայտնություն է ինձ համար։ Երևում է, որ կարդում են և այն էլ ի՜նչպես... և նոր ու նոր բաներ են պահանջում ինձնից՝ նոր աշխարհի, նոր մարդկանց, նոր կենցաղի մասին...

Քո Նար-Դոս


133. ԽՈՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

1931. մայիսի 29. Թիֆլիս.

Հարգելի ընկ. Սարգսյան.[1]

Ներեցեք Ձեր մայիս 21 թվակիր նամակին մի քիչ ուշ պատասխանելուս համար։ Ամենայն պատրաստակամությամբ կուղարկեմ Երևանի Պետական թանգարանի գրական բաժնի համար Ձեր ուզած բոլոր նյութերը, բայց բանն այն է, որ շուտով ուղարկել չեմ կարող, որովհետև այդ նյութերի մեծ մասը անցյալ տարի ինձնից վերցրին տեղիս Հայարտանը[2] նման մի թանգարան հիմնելու համար։ Այդ թանգարանը մինչև այժմ բացված չէ. իմ և ուրիշների նյութերը գտնվում են այնտեղ մի փակ պահարանի մեջ, որի բանալին պահողն այժմ արձակուրդի մեջ է և հենց որ վերադառնա, նյութերս հետ կառնեմ և ինձ մոտ գտնված ուրիշ նյութերի հետ կուղարկեմ Երևանի թանգարանի գրական բաժնի համար։ Միայն չգիտեմ ինչ ձևով ուղարկեմ, որ անկորուստ հասնեն Ձեզ։ Դժբախտաբար իմ սկզբնական գործերի ձեռագիրներից շատերը կորել են իմ անփութությունից և անհոգությունից, իսկ շատ նամակներ ինքս իմ ձեռքով այրել եմ գալիցինյան վայրագ օրերի վախից[3]: Համենայն դեպս, ինչ որ մնացել է, կուղարկեմ, միայն Դուք ինձ գրեցեք անկորուստ ուղարկելու ձևը։

Հարգանքներով Նար-Դոս

Հ. Գ. — Ինձ դիմել կամ «Պրոլետար»-ի խմբագրատան միջոցով, կամ ուղղակի իմ տան հասցեով. Тифлис, Авлабар, Обводный пер. № 9, Михаилу Ованесяну.

  1. Սարգսյան Խորեն.— 1891—1970 թթ. խորհրդահայ գրականագետ, գիտության վաստակավոր գործիչ։
  2. Հայարտուն — Վրաստանի հայ գրողների և արվեստագետների տուն 1920—1930-ական թվականներին։
  3. Գոլիցինյան վայրագ օրեր ասելով, նկատի ունի Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի պաշտոնավարության տարիները 1894—1904 թթ., երբ փակվեցին հայկական դպրոցները և գրավվեցին եկեղեցապատկան կալվածքները։