Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/252

Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ուրեմն ի՞նչ, ուզում ես վերադարձնե՞լ նրան։

ԼԻԶԱ.— Այո։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Նորից տուն թողնել այդ գարշելի՞ մարդուն։

ԼԻԶԱ.— Մամա, ես խնդրում եմ ձեզ, որ չխոսեք այդպես իմ ամուսնու մասին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Նա ամուսինդ է՛ր։

ԼԻԶԱ.— Ոչ, այժմ էլ իմ ամուսինն է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Փող վատնող, հարբեցող, անբարոյական, և դու չես կարող նրանից բաժանվե՞լ։

ԼԻԶԱ.— Ինչո՞ւ եք ինձ տանջում։ Առանց այն էլ տանջվում եմ, իսկ դուք կարծես դիտմամբ ուզում եք ավելի տանջել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ե՞ս եմ տանջում։ Ուրեմն ես կգնամ։ Չեմ կարող տեսնել այս։

(Լիզան լռում է):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ես տեսնում եմ, որ դուք այդ եք ուզում, որ ես ձեզ խանգարում եմ։ Չեմ կարող ես ապրել։ Ոչինչ չեմ հասկանում ձեզնից։ Այս բոլորը նոր բան է։ Մեկ վճռում ես բաժանվել, հետո հանկարծ ապսպրում ես մի մարդու, որը սիրահարված է քեզ վրա։

ԼԻԶԱ.— Այդպիսի բան չկա...

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Կարենինը քեզ առաջարկ է արել... և դու նրան ուղարկում ես մարդուդ ետևից։ Այս ի՞նչ է. որ խա՞նդ հարուցանես։

ԼԻԶԱ.— Մամա, այդ սարսափելի է, ինչ որ ասում եք։ Թողե՛ք ինձ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այդպես, մորդ դուրս արա տնից, իսկ անբարոյական մարդուդ ներս թող։ Ես չեմ սպասի։ Մնաք բարով, աստված ձեզ հետ, ինչ ուզում եք՝ արեք։

(Գնում է դուռը շրխկացնելով):