ԿՈՐՈՏԿՈՎ.— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ետ կմնա։ Լա-Բել-Բուլան առաջինն է Եվրոպայում։ Գրազ գանք։
ՍՏԱԽՈՎԻՉ.— Դե լավ, հա՜։ Դու հո գիտես, որ ոչ ոք չի հավատում քեզ և գրազ չի գա։
ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես քեզ ասում եմ՝ քո կարտուշը ետ կմնա։
ԱՖՐԵՄՈՎ.— Դե հերիք է կռվեք։ Ես ձեզ կհաշտեցնեմ։ Հարցրեք Ֆեդիային։ Նա ճշմարիտը կասի։
ՖԵԴՅԱ.— Երկու ձին էլ լավ են։ Բանը նստողի վրա է։
ՍՏԱԽՈՎԻՉ.— Գուսևը սրիկա է։ Պետք է միայն սանձած պահել նրան։
ԿՈՐՈՏԿՈՎ (բղավում է).— Ո՜չ։
ՖԵԴՑԱ.— Դե, սպասեցեք, ես ձեզ կհաշտեցնեմ։ Դերբին ո՞վ վերցրեց։
ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես վերցրի, բայց պատահմունք էր։ Թե որ Կրակուսը չէր հիվանդանա։ Տես...
ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչ ես ուզում։
ԼԱԿԵՅ.— Մի կին է եկել, հարցնում է Ֆեոդոր Վասիլևիչին։
ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչպիսի կին է։ Դամա՞ է։
ԼԱԿԵՅ.— Չգիտեմ։ Միայն իսկական դամա է։
ԱՖՐԵՄՈՎ.— Ֆե՛դյա, քեզ մոտ դամա է եկել։
ՖԵԴՅԱ (վախեցած).— Ո՞վ է։
ԱՖՐԵՄՈՎ.— Չի իմանում, ով է։ (Լակեյին) հրավիրիր դահլիճ։