Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

ՖԵԴՅԱ.— Ախ, սիրելի Սաշա, աղավնյակս, կարող է, կարող է և դեռևս բախտավոր կլինի, ավելի բախտավոր, քան ինձ հետ։

ՍԱՇԱ.— Երբե՛ք։

ՖԵԴՅԱ.— Այդ քեզ թվում է։ (Պահում է իր ձեռքում նամակը և սեղմում է): Բայց բանն այդ չէ։ Գլխավորն այն է, որ ես չեմ կարող։ Գիտես, հաստ թուղթը դես ծալի, դեն ծալի, հարյուր անգամ ծալծլի, չի կտրվի, բայց ծալի հարյուրմեկերորդ անգամ, մեկ էլ տեսար կտրվեց։ Այդպես էլ ես ու Լիզան։ Ես չափազանց ցավում եմ, որ նայում եմ նրա աչքերին։ Նույնը և նա, հավատա՛։

ՍԱՇԱ.— Ոչ, ոչ...

ՖԵԴՅԱ.— Ասում ես ոչ, իսկ ինքդ էլ գիտես, որ այո։

ՍԱՇԱ.— Ես կարող եմ միայն ինձնով դատել։ Ես որ նրա տեղը լինեի, և դու այն պատասխանը տայիր, ինչ որ այժմ, այդ սարսափելի կլիներ ինձ համար։

ՖԵԴՅԱ.— Այո, քեզ համար։ (Լռություն: Երկուսն էլ շփոթված են):

ՍԱՇԱ (վեր է կենում).— Մի՞թե այս այսպես էլ պիտի մնա։

ՖԵԴՅԱ.— Երևի։

ՍԱՇԱ.— Ֆեդյա։ Վերադարձի՛ր։

ՖԵԴՅԱ.— Շնորհակալ եմ, սիրելի Սաշա։ Դու ինձ համար կմնաս միշտ իբրև մի թանկագին հիշողություն... Բայց մնաս բարով, աղավնյակս։ Թույլ տուր համբուրեմ քեզ (համբուրում է նրա ճակատը):

ՍԱՇԱ (հուզված).— Ո՛չ, ես հրաժեշտ չեմ տալիս, և չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ... Ֆեդյա...

ՖԵԴՅԱ.- Դե՛, որ այդպես է, լսիր։ Միայն խոսք տուր, որ ինչ կասեմ քեզ, ոչ ոքի չես ասի։ Խո՞սք ես տալիս։

ՍԱՇԱ.— Իհարկե։

ՖԵԴՅԱ.— Ուրեմն լսիր, Սաշա։ Ճշմարիտ է, ես նրա ամուսինն եմ, նրա զավակի հայրը, բայց ես ավելորդ եմ։ Սպասի՛ր, մի առարկիր։ Դու կարծում ես, ես խանդո՞ւմ եմ։ Ամենևին։ Նախ՝ իրավունք չունեմ, երկրորդ՝ առիթ չունեմ։