Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/277

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 8

Աննա Դմիտրիևնա և Լիզա:

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լսեցեք, Լիզա... չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, ինչպե՞ս է ձեր հայրանունը։

ԼԻԶԱ.— Անդրեևնա։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.- Միևնույն է.— Լիզա։ Ես խղճում եմ ձեզ, դուք դուր եք գալիս ինձ։ Բայց ես սիրում եմ Վիկտորին։ Նա միակ արարածն է աշխարհում, որին սիրում եմ։ Ես ճանաչում եմ նրա հոգին, ինչպես իմը։ Դա հպարտ հոգի է։ Նա հպարտ էր դեռ յոթ տարեկան եղած ժամանակ։ Հպարտ ոչ թե անունով, ոչ թե հարստությամբ, այլ հպարտ իր մաքրությամբ, իր բարոյական բարձրությամբ, և նա պահպանում է այդ բարձրությունը։ Նա մաքուր է, ինչպես աղջիկ։

ԼԻԶԱ.— Ես գիտեմ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Կանանցից ոչ-ոքի չի սիրել։ Դուք առաջինն եք։ Չեմ կարող ասել, թե չեմ նախանձում ձեզ։ Նախանձում եմ։ Բայց մենք, մայրերս,— ձերը դեռ փոքր է, ձեզ համար վաղ է,— մենք պատրաստվում ենք այդ բանի համար։ Ես պատրաստվում էի հանձնել նրան իր կնոջը և չնախանձել։ Բայց հանձնել նույնպիսի մաքուր մի աղջկա, ինչպես ինքն է մաքուր։

ԼԻԶԱ․— Ես... մի՞թե ես...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Ներեցեք, ես գիտեմ, որ դուք մեղավոր չեք, բայց դուք դժբախտ եք։ Ես նրան ճանաչում եմ։ Այժմ նա պատրաստ է ամեն բան տանել և կտանի ու երբեք էլ չի գանգատվի, բայց կտանջվի։ Նրա վիրավորված հպարտությունը կտանջվի, և նա բախտավոր չի լինի։

ԼԻԶԱ․— Ես մտածել եմ այդ մասին։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լիզա, սիրելիս։ Դուք խելոք, լավ կին եք։ Եթե դուք սիրում եք նրան, ապա ուրեմն ուզում եք նրա բախտավորությունն ավելի, քան թե ձերը։ Իսկ եթե այդպես է, ապա ուրեմն չէիք կամենա կապել նրան և հարկադրել, որ զղջա։ Թեև նա չի ասի, երբե՛ք չի ասի։

ԼԻԶԱ․— Գիտեմ, որ չի ասի։ Ես մտածել եմ այդ մասին և ինքս ինձ տվել եմ այդ հարցը։ Մտածել և ասել եմ