Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես ձեզ նույնպես չեմ հասկանում։ Դուք, որ ընդունակ, խելոք մարդ եք, այդքան զգայուն դեպի բարին,— ի՞նչպես եք կարողանում գայթակղվել, մոռանալ այն, ինչ որ ինքներդ իսկ պահանջում եք ձեզնից։ Ի՞նչպես հասաք այդ բանին, ինչպես դուք կործանեցիք ձեր կյանքը։

ՖԵԴՅԱ (զսպում է հուզմունքի արցունքները).— Տասը տարի է, ահա, որ ես անառակ կյանք եմ վարում։ Եվ առաջին անգամն է, որ ձեզ պես մի մարդ խղճաց ինձ։ Ինձ խղճում էին ընկերներս, քեֆ սիրողները, կանայք, բայց մի խոհուն, բարի մարդ, որպիսին դուք եք... Շնորհակալ եմ ձեզնից։ Ինչպես հասա ես իմ կործանմա՞նը։ Նախ՝ գինին։ Գինին հո մենակ անուշ բան չէ. իսկ ինչ որ անում եմ ես, միշտ զգում եմ, որ ա՛յդ չեմ անում, ինչ որ պետք է, և ամաչում եմ... Եվ միայն այն ժամանակ, երբ խմում եմ, այլևս ամոթ չեմ զգում։ Իսկ երաժշտությունը,— ոչ թե օպերաները և Բեթհովենը, այլ գնչուները... Դա այնպիսի մի կյանք է, այնպիսի մի եռանդ է մտնում մեջդ։ Դրան ավելացրեք և սիրելի, սևորակ աչքերն ու ժպիտը։ Եվ որքան այս բանը ոգևորիչ է, այնքան ավելի ամոթ է զգում մարդ հետո։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Հապա աշխատա՞նքը։

ՖԵԴՅԱ.— Փորձել եմ։ Ոչ մի լավ բան չկա։ Ամեն բանից էլ դժգոհ եմ։ Դե, ի՞նչ եմ իմ մասին խոսում։ Շնորհակալ եմ ձեզնից։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ուրեմն ի՞նչ ասեմ։

ՖԵԴՅԱ.— Ասացեք, որ կանեմ, ինչ որ ուզում են իրենք։ Նրանք ուզում են ամուսնանալ, չէ՞ որ նրանց ամուսնությանը ոչ մի արգելք չպետք է լինի, չէ՞։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իհարկե։

ՖԵԴՅԱ.— Կանեմ, ասացեք, որ անշուշտ կանեմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Բայց ի՞նչպես։

ՖԵԴՅԱ.— Սպասեցեք։ Դե, ասենք, երկու շաբաթ։ Բավակա՞ն է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (վեր կենալով).— Այդպես էլ կարո՞ղ եմ ասել։