Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

ՖԵԴՅԱ (դնում է գրպանը և ուզում է գնալ, տեսնում է Պետրուշինին): Հիմար բան է, շատ հիմար բան։ Ձանձրալի է։ Ձանձրալի։ Անմիտ բան է: (Ուզում է գնալ):

ՏԵՍԻԼ 8

Նույնք և Պետրուշին (փաստաբան, հաստ կարմրերես, զվարթ, մոտենում է):

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Դե, բարեկամ, բաններս լավ է գնում, միայն թե վերջը, որ խոսեք, չփչացնեք։

ՖԵԴՅԱ.— Ես չեմ էլ խոսելու։ Ինչ ասեմ նրանց։ Չեմ խոսի։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Չէ, ասել պե՛տք է։ Մի՛ հուզվեք։ Այժմ արդեն գործը տարել պրծել ենք։ Դուք միայն ասացեք ա՛յն, ինչ որ ինձ էիք ասում, այսինքն՝ որ ձեզ դատում են միայն նրա՛ համար, որ անձնասպանություն չեք գործել, այսինքն՝ չեք արել այն, ինչ որ հանցանք է համարվում թե քաղաքացիական և թե եկեղեցական օրենքով։

ՖԵԴՅԱ.— Ոչինչ չեմ ասի։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ինչո՞ւ։

ՖԵԴՅԱ.— Չեմ ուզում և չեմ ասի։ Դուք միայն ասացեք ինձ՝ ամենավատ դեպքում ի՞նչ պատիժ կարող է լինել։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ես ձեզ արդեն ասել եմ. ամենավատ դեպքում — աքսոր դեպի Սիբիր։

ՖԵԴՅԱ.— Այսինքն՝ ո՞ւմ կաքսորեն։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ձեզ էլ, ձեր կնոջն էլ։

ՖԵԴՅԱ.— Իսկ ամենալավ դեպքո՞ւմ։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Եկեղեցական ապաշխարանք և, իհարկե, երկրորդ ամուսնությունն էլ կլուծվի։

ՖԵԴՅԱ.— Այսինքն՝ ինձ նորից կկապեն կնոջս հետ, այսինքն՝ նրան ինձ հետ։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Հա, ինչպես որ պետք է լինի այդ։ Մի՛ հուզվեք։ Եվ, խնդրում եմ, ասացեք, ինչ որ ձեզ ասում եմ, և գլխավորը — ավելորդ ոչինչ չասեք։ Սակայն... (Նկատելով, որ իրենց շրջապատել և լսում են): Ես հոգնել եմ, գնամ նստեմ։ Իսկ դուք հանգստացեք առայժմ։ Գլխավորը — մի՛ վախենաք։