Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

Ես արդեն գրել եմ ձեզ այստեղի Թերեզայի մասին,— նույնպես թե՛ բարի, թե՛ հավատարիմ կին է։ Իսկ ինչքա՜ն ես անհանգստանում էի մեր նամակների մասին։ Ի՞նչպես պետք է նրանք տեղ հասնեին։ Բայց ահա մեր բախտից տերն ուղարկեց մեզ Թերեզային։ Բարի, համեստ, սուս ու փուս կին է։ Բայց մեր տիրուհին պարզապես անխիղճ է։ Ինչ բանի ասես չի դնում, կարծես փալաս լինի։

Հապա մի տեսնեք՝ ի՛նչ որջի մեջ եմ ընկել ես, Վարվառա Ալեքսեևնա։ Բնակարան եմ ասում, է՜։ Առաջ, խո գիտեք, ինչպես փակ էի ապրում,— հանգիստ, խաղաղ, ճանճը որ թռչեր, ձայնը կլսվեր։ Իսկ այստեղ աղմուկ, ճիչ, աղաղակ։ Դուք դեռ չգիտեք էլ, թե այս բոլորն, ինչպես է սարքված այստեղ։ Երևակայեցեք, օրինակ, մի երկար միջանցք, բոլորովին մութ և անմաքուր։ Աջ կողմը խուլ պատ է, իսկ ձախ կողմը՝ դռներ ու դռներ, բոլորը մի շարքի վրա ձգված, ինչպես հյուրանոցում։ Ամեն մի դուռ մի սենյակի է, և ամեն մի սենյակում ապրում են երկու-երեք հոգի։ Կարգապահություն ասած բանը մի՛ հարցնեք — Նոյան տապան։ Ասենք՝ կարծես լավ մարդիկ են, բոլորն էլ այնպես կրթված, գիտնական։ Կա մի աստիճանավոր (նա ինչ որ մի տեղ գրական մասումն է), կարդացած մարդ է. խոսում է հա՛մ Հոմերոսի, հա՛մ Բրամբեուսի, հա՛մ էլ զանազան հեղինակների մասին.— խելոք մարդ է։ Երկու օֆիցեր են կենում և շարունակ թուղթ են խաղում։ Մի միչման է կենում, մի անգլիացի ուսուցիչ է կենում։— Կացեք, ես ձեզ կզվարճացնեմ, ջանիկս. ապագա նամակիս մեջ կնկարագրեմ նրանց զավեշտական կերպով, այսինքն, ինչ են նրանք ըստինքյան, ամենայն մանրամասնությամբ։ Մեր տիրուհին շատ փոքրիկ և անմաքուր պառավ է, ամբողջ օրը ման է գալիս չուստերով ու խալաթով, և ամբողջ օրը բղավում է Թերեզայի վրա։ Ես ապրում եմ խոհանոցում, կամ ավելի ճիշտ կլինի՝ ասեմ ահա, թե ինչպես. այստեղ խոհանոցի կողքին մի սենյակ կա (իսկ մեզ մոտ, պետք է ձեզ նկատեմ, խոհանոցը մաքուր է, լուսավոր, շատ լավը), փոքր սենյակ, մի տեսակ համեստ անկյուն... այսինքն՝ կամ ավելի լավ է ասեմ, խոհանոցը մեծ է, երեք պատուհանով, ինձ համար պատի երկայնքով միջնորմ կա, այնպես որ դուրս է գալիս դարձյալ մի սենյակ