Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

բանին ուրիշ իմաստ կտան։ Ոչ, իմ հրեշտակիկ, ավելի լավ է՝ ես ձեզ վաղը երեկոյան ժամերգությանը կտեսնեմ, այդ խոհեմություն կլինի և երկուսիս համար էլ անվնաս։ Ներեցեք ինձ, ջանիկս, որ ձեզ այսպիսի նամակ եմ գրել, գրածս որ կարդացի, տեսա՝ անկապ բաներ եմ գրել։ Ես, Վարինկա, ծեր, տգետ մարդ եմ, ջահել ժամանակս կարգին ուսում չեմ առել, իսկ այժմ գլուխս բան չի մտնի, եթե նոր սկսեմ սովորել։ Խոստովանում եմ, ջանիկս, վարպետ չեմ նկարագրելու և առանց ուրիշի ցուցումների ու ծաղրի էլ գիտեմ, որ եթե ուզենամ որևէ կարգին բան գրել, հիմարություններ դուրս կգան։— Այսօր տեսա ձեզ պատուհանի մոտ, տեսա՝ թե ինչպես վարագույրն իջեցրիք։ Մնաք բարով, մնաք բարով, տերը պահի, պահպանի ձեզ։ Մնաք բարով, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր անկաշառ բարեկամ
Մակար Դեվուշկին:

Հ․ Գ․ Ես, բալիկս, այժմ ոչ ոքի մասին զավեշտ չեմ գրում։ Ծերացել եմ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, որպեսզի զուր տեղը ուրիշներին ծաղրեմ, և ինձ վրա էլ կծիծաղեն ըստ առածի — ով ուրիշի համար հոր կփորի, ինքն էլ... մեջը կընկնի։


Ապրիլ 9

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Դե՜, ինչպե՛ս չեք ամաչում, իմ բարեկամ և բարերար. Մակար Ալեքսեևիչ, որ այդպես վշտանում եք և քմահաճույքներ բանեցնում։ Մի՞թե նեղացել եք։ Ա՜խ, ես շատ անգամ անզգույշ եմ լինում, բայց չէի կարծում, թե դուք իմ խոսքերը կծու կատակ կհամարեք։ Հավատացած եղեք, որ ես երբեք չեմ համարձակվի կատակ անել ձեր տարիքի և ձեր բնավորության վրա։ Իսկ այս բոլորը պատահեց իմ թեթևամտությունից և ավելի նրա համար, որ սարսափելի ձանձրալի է անցնում օրս, իսկ ձանձրույթից մարդ ի՞նչ չի անի։ Իսկ ես կարծում էի, թե դուք ինքներդ ձեր նամակի