Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/333

Այս էջը հաստատված է

մեջ ուզում էիք ծաղրել։ Ես սարսափելի տխրեցի, երբ տեսա, որ դուք դժգոհ եք ինձանից։ Ոչ, իմ բարի բարեկամ և բարերար. կսխալվեք, եթե կասկածեք, թե ես անզգա և անշնորհակալ աղջիկ եմ։ Ես գիտեմ սրտումս գնահատել այն ամենը, ինչ որ դուք արել եք ինձ համար, պաշտպանելով ինձ չար մարդկանցից, նրանց հալածանքից և ատելությունից։ Ես հավիտյան կաղոթեմ աստծուն ձեզ համար և եթե աղոթքս հասնում է աստծուն, և երկինքը լսի աղոթքս, դուք բախտավոր կլինեք։

Ես այսօր շատ տկար եմ զգում ինձ, մեկ ջերմում եմ, մեկ դողացնում։ Ֆեդորան շատ է անհանգստանում ինձ համար։ Զուր եք ամաչում գալ մեզ մոտ, Մակար Ալեքսեևիչ։ Ուրիշների ի՞նչ գործն է։ Դուք ծանոթ եք մեզ հետ ու պրծավ... Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ։ Այժմ էլ ուրիշ բան չունեմ գրելու, չեմ էլ կարող, սարսափելի տկար եմ։ Դարձյալ խնդրում եմ, մի բարկանաք ինձ վրա և հավատացած եղեք մշտական հարգանքիս և բարեկամությանս,

որով պատիվ ունեմ մնալու ձեր ամենաանձնվեր և ամենախոնարհ աղախին

Վարվառա Դոբրոսելովա
Ապրիլ 12
Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ախ, ջանիկս, այդ ի՞նչ է պատահել ձեզ։ Այդպես էլ բան կլինի՞, ամեն անգամ այսպես վախեցնում եք ինձ։ Ամեն մի նամակումս գրում եմ, որ զգուշանաք, տաք հագնվեք, վատ եղանակին դուրս չգաք, ամեն բանում զգույշ լինեք, իսկ դուք, իմ հրեշտակիկս, չեք լսում ինձ։ Ա՜խ, աղավնյակս, կարծես երեխա լինեք։ Չէ՞ որ թույլ եք, ծղոտի պես թույլ. ես այդ գիտեմ։ Մի թեթև հով էլ որ փչի, մեկ էլ տեսար հիվանդացաք։ Ուրեմն պետք է զգուշանաք, ինքներդ ձեզ պահեք, վտանգներից խուսափեք և ձեր բարեկամներին վիշտ ու տխրություն չպատճառեք։

Ցանկություն եք հայտնում, ջանիկս, մանրամասնորեն իմանալ իմ հալն ու ափալը և իմ շրջապատի մասին։ Ուրախությամբ շտապում եմ կատարել ձե՛ր ցանկությունը, բալիկս։