Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/336

Այս էջը հաստատված է

բան է կատարվում, որ զզվելի է պատմել։ Այժմ ես արդեն, այնուամենայնիվ, ընտելացել եմ, բայց զարմանում եմ, թե ինչպես ընտանիքավոր մարդիկ այս սոդոմի մեջ կարողանում են ապրել։ Ինչ-որ աղքատների մի ամբողջ ընտանիք մեր տանտիրուհուց մի սենյակ է վարձել, միայն ոչ մյուս սենյակների շարքում, այլ մյուս կողմը, անկյունում, առանձին։ Հանգիստ մարդիկ են։ Նրանց մասին ոչ ոք ոչինչ չի լսում։ Նրանք ապրում են մի սենյակում՝ միջնորմով բաժանված։ Նա մի ինչ-որ աստիճանավոր է առանց պաշտոնի, յոթ տարի առաջ արձակել են ինչ-որ բանի համար։ Նրա ազգը Գարշկով է. ճերմակած, փոքրիկ մարդ է, ման է գալիս այնպիսի յուղոտած, մաշված հագուստով, որ մարդ խղճում է նայելիս. ո՜ւր իմ հագուստը, ո՜ւր նրանը։ Խղճուկ, հիվանդոտ (երբեմն հանդիպում ենք իրար միջանցքում), ծնկները դողում են, ձեռքերը դողում են, գլուխը դողում է, հիվանդությունից է՝ թե ինչ, աստված գիտե. մարդկանցից քաշվում է, վախենում է ամենքից, հեռու է ման գալիս. ես խո ամաչկոտ եմ, իսկ սա ինձանից էլ ավելի ամաչկոտ է։ Նրա ընտանիքը կազմում են կինը և երեք որդին։ Մեծը, տղան ամբողջովին հորն է գցել։ Կինը մի ժամանակ գեղեցիկ է եղել, հիմա էլ նկատելի է. խեղճն այնպիսի՝ խղճուկ, հնամաշ հագուստով է ման գալիս։ Լսել եմ, որ նրանք պարտ են տանտիրուհուն, տանտիրուհին շատ էլ լավ աչքով չի նայում նրանց վրա։ Լսել եմ նույնպես, որ Գարշկովն ինքը ինչ-որ անհաճո բաներ ունի, որոնց պատճառով էլ զրկվել է տեղից. դատի տակ է, թե նախնական քննության տակ — ուղիղը չեմ կարող ասել։ Տե՛ր իմ աստված, աղքատ են նրանք, ինչքա՜ն աղքատ։ Նրանց սենյակից երբեք ձայն ծպտուն չի լսվում, կարծես ոչ ոք չի ապրում այնտեղ։ Նույնիսկ երեխաների ձայնը չի լսվում։ Ու չի լինում, որ երբևիցե զվարճանան, խաղան երեխաները, իսկ այդ արդեն վատ նշան է։ Մի անգամ երեկոյան անցնում էի նրանց դռան մոտով. այդ պահին տան մեջ սովորականից դուրս խաղաղություն էր տիրում, լացի ձայն եմ լսում, հետո շշունջ, հետո դարձյալ լացի ձայն, բայց այնքան ցածր, այնքան խղճալի, որ սիրտս կտոր-կտոր եղավ, ու հետո ամբողջ գիքերը մտածում