Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/348

Այս էջը հաստատված է

մինչև կես գիշեր աշխատում էինք, կար էինք ճարում՝ կարում, ինչ-որ շատ էլ դուր չէր գալիս Աննա Ֆյոդորովնային. նա շարունակ ասում էր, թե իր տունը նորաձևության արհեստանոց չէ։ Բայց պետք էր հագնվել, պետք էր փող հետ գցել անակնունելի ծախքերի համար, պետք էր, որ անպատճառ փող ունենայինք մեզ համար։ Մենք համենայն դեպս փող էինք հետ գցում, հույս ունեինք, թե կարելի կլինի ժամանակին տեղափոխվել որևէ տեղ։ Բայց մայրիկս իր վերջին առողջությունն էլ կորցրեց աշխատանքի վրա. նա օր-օրին ուժասպառ էր լինում։ Հիվանդությունը ցեցի նման կրծում էր նրա կյանքը և մոտեցնում գերեզմանին։ Ես ամեն բան տեսնում էի, ամեն բան զգում, ամեն բան սրտիս առնում. այս բոլորն իմ աչքի առաջ կատարվեց։

Օրերն անցնում էին օրերի ետևից և ամեն մի օր նման էր նախորդ օրվան։ Մենք ապրում էինք սուսուփուս, կարծես քաղաքում չէինք ապրում։ Աննա Ֆյոդորովնան քիչ-քիչ հանգստանում էր, երբ սկսել էր կատարելապես գիտակցել իր տիրապետությունը։ Ասենք՝ երբեք ոչ ոք չէր էլ մտածում նրան նախատել։ Մեր սենյակը բաժանված էր նրա սենյակներից միջանցքով, իսկ մեր կողքին, ինչպես արդեն հիշել եմ, ապրում էր Պակրովսկին։ Նա սովորեցնում էր Սաշային ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ, պատմություն, աշխարհագրություն — բոլոր գիտությունները, ինչպես ասում էր Աննա Ֆյոդորովնան, և դրա համար սենյակ ու ճաշ էր ստանում։ Սաշան շատ ուշիմ աղջիկ էր, թեև թռչկոտուն ու չարաճճի. նա այն ժամանակ տասներեք տարեկան էր։ Աննա Ֆյոդորովնան նկատեց մայրիկիս, թե վատ չէր լինի, որ ես էլ սկսեի սովորել, քանի որ պանսիոնում ուսումս կիսատ էի թողել։ Մայրիկս ուրախությամբ համաձայնեց, և ես մի ամբողջ տարի սովորում էի Պակրովսկու մոտ Սաշայի հետ միասին։ Պակրովսկին աղքատ, շատ աղքատ երիտասարդ էր, առողջությունը նրան թույլ չէր տալիս շարունակ ուսման գնալու և նրան հենց այնպես, սովորության համար էին միայն ուսանող անվանում մեր տանը։ Ապրում էր նա համեստ, հեզ, սուսուփուս, այնպես որ նրա սենյակից ձայն ծպտուն չէինք լսում։ Արտաքուստ այնքան տարօրինակ էր, այնքան անշնորհք էր ման գալիս, բարևում, այնքան մազալու