Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/349

Այս էջը հաստատված է

էր խոսում, սկզբում առանց ծիծաղելու չէի կարողանում նայել նրան։ Սաշան անդադար չարաճճիություններ էր անում նրա մոտ, մանավանդ երբ նա դաս էր տալիս մեզ։ Իսկ նա, պետք է այս էլ ասեմ, դյուրագրգիռ բնավորություն ուներ, անդադար բարկանում էր, ամեն մի չնչին բանի համար իրենից դուրս գալիս, գոռում մեզ վրա, գանգատվում մեզնից և հաճախ առանց դասը վերջացնելու, բարկացած թողնում, հեռանում էր իր սենյակից։ Իսկ իր սենյակում ամբողջ օրերով նստած գրքեր էր կարդում։ Շատ գիրք ուներ և բոլորը թանկ, հազվագյուտ գրքեր։ Նա ուրիշ միքանի տեղ էլ դաս էր տալիս, քիչ թե շատ վճար էր ստանում, այնպես որ ձեռքը փող էր ընկնում թե չէ, իսկույն գնում էր՝ գրքի տալիս։

Հետագայում ես ավելի լավ, ավելի մոտիկից ճանաչեցի նրան։ Նա շատ բարի, շատ արժանավոր մարդ էր, ամենալավն այն բոլոր մարդկանցից, որոնց ինձ հաջողվել էր հանդիպել։ Մայրիկս խիստ հարգում էր նրան։ Հետագայում նա էլ իմ լավագույն բարեկամն էր,— իհարկե, մայրիկիցս հետո։

Սկզբում ես, որ այնքան մեծ աղջիկ էի, Սաշայի հետ միասին չարություն էի անում, և մենք երբեմն ամբողջ ժամերով գլուխ էինք պատռում, թե ինչպես անեինք, որ ջգրացնեինք, համբերությունից հանեինք նրան։ Նա բարկանում էր շատ ծիծաղելի կերպով, իսկ այդ չափազանց զվարճացնում էր մեզ (ես նույնիսկ ամաչում եմ հիշել այս)։ Մի անգսրմ մի ինչ-որ բանով բարկացրինք նրան, որ քիչ մնաց լաց լիներ, և որ ես պարզ կերպով լսեցի, թե ինչպես նա շշնջաց՝ «չար երեխեք»։ Ես հանկարծ շփոթվեցի, հա՛մ ամաչեցի, հա՛մ դառնացա, հա՛մ մեղքս եկավ։ Հիշում եմ՝ մինչև ականջներս կարմրեցի և համարյա թե արտասվախառն աչքերով սկսեցի խնդրել, որ հանգստանա և չնեղանա մեր հիմար չարաճճիություններից, բայց նա գիրքը ծածկեց, դասը կիսատ թողեց և գնաց իր սենյակը։ Ես ամբողջ օրն ինձ ուտում էի զղջումից։ Այն միտքը՝ թե մենք՝ երեխաներս, մեր անգթություններով համարյա թե լացացրինք նրան, անտանելի էր ինձ համար։ Ուրեմն մենք սպասում էինք, որ նա լաց լինի։ Ուրեմն մենք այդ էինք ուզում, ուրեմն մենք կարողացանք