Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/352

Այս էջը հաստատված է

հաճախ գալիս է եղել Պետերբուրգ, այստեղ էլ նրան հովանավորելիս է եղել։ Առողջությունը խանգարված լինելու պատճառով Պակրովսկին չի կարողացել շարունակել իր ուսումը համալսարանում։ Պարոն Բըկովը ծանոթացրել է նրան Աննա Ֆյոդորովնայի հետ, ինքն է հանձնարարել նրան, և այսպիսով երիտասարդ Պակրովսկին ընդունվել է Աննա Ֆյոդորովնայի մոտ հացափոր, այն պայմանով, որ Սաշային սովորեցնի՝ ինչ-որ հարկավոր կլինի։

Իսկ ծերունի Պակրովսկին, կնոջ անգթություններից դարդահալ եղած, անձնատուր է լինում ամենավատ արատի և գրեթե միշտ հարբած է լինում։ Կինը երբեմն նրան խոհանոցն է վռնդում, որ այնտեղ ապրի, և բանը հասցնում է այնտեղ, որ նա վերջապես սովորում է ծեծին ու իր հետ վատ վարվելուն և չի գանգատվում։ Նա դեռևս շատ էլ ծեր մարդ չէր, բայց վատ հակումներից համարյա թե խելքը կորցրել էր։ Իսկ մարդկային ազնիվ զգացումների միակ նշանը նրա մեջ անսահման սերն էր դեպի որդին։ Ասում էին, թե երիտասարդ Պակրովսկին նման էր իր հանգուցյալ մորը, ինչպես խնձորը կիսես։ Իր նախկին բարի կնոջ մասին ունեցած հիշողություններից չէ՞ր արդյոք, որ այդպիսի անսահման սեր էր ծագել կորած ծերունու սրտում դեպի որդին։ Ծերունին ուրիշ ոչ մի բանի մասին խոսել էլ չգիտեր, եթե ոչ միայն որդու մասին և շարունակ շաբաթը երկու անգամ այցելում էր նրան։ Իսկ ավելի հաճախ այցելել չէր համարձակվում, որովհետև երիտասարդ Պակրովսկին տանել չէր կարողանում հոր այցելությունները։ Նրա պակասություններից, անկասկած, առաջինը և կարևորագույնն այն էր, որ չէր հարգում հորը։ Ասենք հայրն էլ չափազանց անտանելի արարած էր։ Նախ՝ սարսափելի հետաքրքրվող էր, երկրորդ ամենադատարկ և հիմար խոսակցություններով ու հարցուփորձերով րոպե առ րոպե խանգարում էր որդուն պարապելու և վերջապես՝ երբեմն գալիս էր հարբած դրությամբ։ Որդին քիչ-քիչ մոռացնել էր տալիս ծերունուն իր արատները, ամեն բանով հետաքրքրվելու և տակից գլխից դուրս տալու սովորությունը և վերջապես բանը հասցրեց այնտեղ, որ հայրը լսում էր նրան ամեն բանում՝ ինչպես պատգամախոսի և